Ֆլորիդայի Միջազգային համալսարանի գիտնականները ձեռքի նոր սկաներ են մշակել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար:
Սարքի նախատիպը, որն իր չափով կոշիկի տուփ է հիշեցնում, անհամեմատ ավելի հարմարավետ է, քան մամոգրաֆիայի սարքավորումները, որոնք ներկայումս օգտագործվում են հիվանդանոցներում, նշում են փորձագետները: Սկաները գործնականում անվնաս ինֆրակարմիր ճառագայթում է օգտագործում ուռուցքների հայտնաբերման համար՝ այն դեպքում, երբ մամոգրաֆիայում ռենտգենային ճառագայթներ են օգտագործում, որոնք կարող են վնասել առողջությանը:
Բացի այդ, նոր սկաների ստեղծողների խոսքով, մամոգրաֆիան հինգ դեպքից մեկում կարող է կեղծ բացասական արժեքներ ստանալ. դա նշանակում է, որ քաղցկեղն առկա է, բայց չի հայտնաբերվել: Կեղծ բացասական ցուցմունքները հատկապես բարձր են երիտասարդ կանանց մոտ, որոնք կարող են ավելի ագրեսիվ քաղցկեղից տառապել:
Առաջին հետազոտությունների արդյունքներով, այդ նոր սկաները շատ արդյունավետ է եւ հաջողությամբ անալիզի է ենթարկում կանանց կաթնագեղձերի ավելի հոծ հյուսվածքները, չնայած դեռեւս 5 հիվանդի վրա են փորձարկել: Սկաների երկրորդ տարբերակն առայժմ փորձարկել են ընդամենը մի հիվանդի վրա:
Նոր սարքն աշխատում է՝ չափելով ցրվող լույսը: Ուռուցքները հեմոգլոբինի՝ արյան կարմիր գնդիկներում առկա սպիտակուցի ավելի բարձր մակարդակ ունեն, քան կաթնագեղձի առողջ հյուսվածքները, եւ վերոհիշյալ սկաներն ի վիճակի է հայտնաբերել դա:






