Հիվանդներին կարելի է ցավի նկատմամբ ավելի դիմացկուն դարձնել՝ փոխելով նրանց ուղեղի կառուցվածքը: Այս մասին պատմում են University of Manchester-ի գիտնականները:

Գիտնականներին առաջին անգամ է հաջողվել հայտնաբերել, որ արթրիտ ունեցողների ուղեղում նոր ռեցեպտորներ են հայտնվում, որոնք զգայուն են օպիատների նկատմամբ: Այդ ռեցեպտորների շնորհիվ մարդիկ ցավի նկատմամբ նվազ զգայուն են դառնում: Ըստ երեւույթին դրա պատճառն այն է, որ օրգանիզմում արտադրվող ու օպիատների հիման վրա ցավազրկող էնդորֆինների ազդեցությունն ավելի ուժեղ է լինում:

Այդ ռեցեպտորների քանակության ու ցավի նկատմամբ զգայունության կապը ստուգելու նպատակով գիտնականները սկսել են լազերի օգնությամբ տաքացնել հետազոտությանը մասնակցող մարդկանց մաշկը: Նաեւ նրանց ուղեղը սքանավորել են PET- սքաներով, որպեսզի հաշվեն, թե նրանք օպիատների նկատմամբ զգայուն քանի ռեցեպտոր ունեն: Պարզվել է, որ ամենից շատ ռեցեպտորներ ունեին արթրիտով հիվանդները, որոնք վերջերս ուժեղ ցավեր են զգացել:Հենց նրանք էլ նվազ զգայուն են եղել ցավի նկատմամբ:

Հետազոտողների խոսքով, եթե հաջողվի հասկանալ օպիատային նոր ռեցեպտորների առաջացման մեխանիզմը, ապա հնարավոր կլինի զգալիորեն բարելավել ցավի դեմ պայքարելու միջոցները:

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները՝ ցավի նոր ու առավել արդյունավետ բուժումը կարող է շատ ավելի հեշտ լինել, քան թվում է՝ օրինակ ֆիզիկական վարժությունները կամ էլ օրգանիզմի աշխատանքին որեւէ փոքրիկ միջամտությունը, որը կնպաստի օպիատների նկատմամբ նոր ռեցեպտորների առաջացմանը եւ հիվանդներին նվազ զգայուն կդարձնի ցավի նկատմամբ, իսկ ցավազրկողներն էլ ավելի արդյունավետ կներգործեն քան առաջ: