Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր երկրորդ վիրահատության ժամանակ բժշկական սխալ է գրանցվում։
Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի օրինակով գիտնականները որոշել են պարզել, թե որքան հաճախ են վիրահատությունների ժամանակ բժշկական սխալներ գրանցվում։ Պարզվում է, որ բժիշկներն այսպես թե այնպես վիրահատությունների գրեթե կեսի դեպքում սխալ են թույլ տալիս։ Այդ սխալների թվում կարող է լինել դեղերի սխալ պիտակումը, սխալ դոզավորումը, դեղորայքային փաստաթղթավորման սխալները եւ հիվանդների սխալ բուժումը։
Ընդհանուր առմամբ հետազոտված 277 վիրահատություններից 124-ի դեպքում գրանցվել են բժշկական սխալներ կամ դեղերի կողմնակի հետեւանքներ։ 3675 դուրս գրած դեղամիջոցներից 193-ը սխալ են տրվել, ինչը հանգեցրել է անցանկալի կողմնակի հետեւանքների։ Բոլոր նման դեպքերի մոտ 80 տոկոսը տեղի չէր ունենա, եթե բուժաշխատողներն ավելի ուշադիր լինեին։
«Սա վիրահատություններից առաջ, հետո եւ դրանց ընթացքում գրանցված բժշկական սխալների առաջին լուրջ վերլուծությունն է: Ըստ իս, թեպետ բժիշկները դեռ կատարելագործվելու տեղ ունեն, մեր արդյունքներն այդքան էլ զարմանալի չեն թվում»,- ասել է հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր Քարեն Նանջին:
Նա նաեւ նշել է, որ մյուս հիվանդանոցներում խնդիրը կարող է շատ ավելի լուրջ լինել, քանի որ հիվանդանոցը, որտեղ իրականցվել է հետազոտությունը, համարվում է ԱՄՆ-ում լավագույններից մեկը։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Anesthesiology 2015 կոնֆերանսի ժամանակ։






