Մասնագետները միշտ խորհուրդ են տալիս նոր հագուստն առանց նախապես լվանալու չհագնել: Ցավոք, նույնիսկ լվանալուց հետո հագուստի մեջ կարող են առողջության համար վտանգավոր թունանյութեր մնալ: Այդ մասին տեղեկացնում են Սթոքհոլմի համալսարանի աշխատակիցները: 

Խանութների շվեդական եւ միջազգային ցանցերից հագուստի 60 պատահական եղանակով գնված նմուշ ուսումնասիրելով՝ գիտնականները նկատել են, որ  որոշ հագուստներում մեծ քանակով տարբեր քիմիական նյութեր կան, ընդ որում այնպիսիք, որոնք ոչ մի կապ չունեն հագուստի անմիջական արտադրության հետ: 

«Առաջնային անալիզը հագուստի մեջ հարյուրավոր քիմիական միացություններ է հայտնաբերել, որոնց ինչ լինելը հնարավոր է եղել պարզել: Պարզվել է, որ որոշ նյութեր արտադրողի կողմից նախատեսված չէին կամ էլ հագուստի մեջ էին հայտնվել տեղափոխման ընթացքում», - իրենց զեկույցի մեջ տեղեկացրել են  հետազոտության հեղինակները:

Հատկանշական է, որ պոտենցիալ վտանգավոր է համարվել ինչպես սինթետիկ, այնպես էլ «ամբողջությամբ բնական» բաղադրիչներից կազմված հագուստը: Այսպես, քիմիկատների երկու տեսակի ամենաբարձր կենտրոնացում է նկատվել պոլիստերում: Իր հերթին, օրգանական բամբակից պատրաստված հագուստում գիտնականները բենզոտիազոլի բարձր մակարդակ են հայտնաբերել: 

Հետազոտողների խոսքով, իրենց բացահայտած քիմիական միացությունները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար: 

«Նման քիմիկատների ազդեցությունը բարձրացնում է ալերգիկ մաշկաբորբի վտանգը: Այդ նյութերից որոշները հնարավոր քաղցկեղածիններ են կամ ապացուցված քաղցկեղածիններ եւ թունավոր են հեղուկ միջավայրում», - այդ առիթով պարզաբանել է Սթոքհոլմի համալսարանի պրոֆեսոր Ջովաննո Լուոնգոն:

Հատկանշական է եւ այն, որ լվացքը սովորաբար չի օգնում հագուստը մաքրել քիմիկատներից: Հետազոտության տվյալների համաձայն, այդ միացություններից որոշները վերացել են լվացման արդյունքում, սակայն այլ միացություններ այդպես էլ մնացել են հագուստում՝ վտանգի պոտենցիալ աղբյուր դառնալով: 

«Մենք պիտի պարզենք, թե ինչ կլինի, եթե քիմիկատները գործվածքից անցնեն մեր մաշկին եւ թե դա ինչ է նշանակում մեր առողջության համար: Դա շատ դժվար է  գնահատել եւ անհրաժեշտ կլինի մեծ քանակով հետազոտություններ անցկացնել», - նշել են շվեդ մասնագետները: