«Գրկախառնությունների հորմոն» օքսիտոցինը կարող է օգնել աուտիզմով հիվանդ երեխաներին եւ բարելավել նրանց սոցիալական հմտությունները։ Այս մասին հայտնում են ավստրալացի հետազոտողները։

Օքսիտոցին հորմոնն օրգանիզմում արտադրվում է ծննդաբերելիս եւ սիրով զբաղվելիս։ Այդ հորմոնը պարունակող սփրեյը կարող է օգտակար լինել 3-8 տարեկան աուտիկ երեխաների համար։

Սիդնեյի համալսարանի գիտնականների հետազոտության նպատակն է եղել պարզել օքսիտոցինի թողած ազդեցությունը ամենափոքր երեխաների վրա, քանի որ որքան շուտ է սկսվում բուժումը, այնքան ուժեղ է դրա ազդեցությունը։ Աուտիզմով հիվանդ 31 երեխա 5 շաբաթ շարունակ օրական 2 անգամ շնչել է օքսիտոցին պարունակող սփրեյ։ Իսկ հսկիչ խմբում օգտագործվել է պլացեբո։

Կանանցից մեկը, ում երեխան մասնակցել է ավստրալացի գիտնականների հետազոտությանը, պատմել է, որ օսքիտոցինով սփրեյն օգնել է նորից բացահայտել իր տղայի բնավորությունը եւ նրան երջանիկ երեխա դարձնել։ Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ աուտիզմով տառապող չափահաս մարդկանց մոտ օքսիտոցինի մակարդակի բարձրացումը օգնում է ավելի լավ հասկանալ դիմացինի հույզերը եւ ուժեղացնում է կարեկցանքի ունակությունը։

Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։

Աուտիզմը զարգացման խանգարում է, որի ժամանակ հաճախ նկատվում է երեխայի մեկուսացում,  շրջապատի հետ կապ հաստատելու անկարողություն։ Վերջին 30 տարվա ընթացքում աուտիզմով հիվանդ երեխաների թիվն աշխարհում 10 անգամ աճել է։ Դրա ախտանիշները տարբեր երեխաների մոտ տարբեր են լինում, բայց հիմնականում նրանք խուսափում են տեսողական շփումից, նախընտրում են միայնակ խաղալ, վատ են ընկալում այլ մարդկանց հույզերը, հեռու են մնում շփվելուց։