Քնելուց առաջ կուշտ ընթրել մասնագետները խորհուրդ չեն տալիս. գիշերային ժամերին ստացած ավելորդ կալորիաները թույլ չեն տա նորմալ քնել ու հաստատ իրենց հետքը կթողնեն գոտկատեղի ու կոնքերի վրա: Բայցեւայնպես կան մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուտել նույնիսկ գիշերը:

Մասնագետների խոսքով, եթե մարդիկ խստորեն հետեւում են իրենց մարմնի կազմվածքին, մշտական սահմանափակումների պատճառով նրանց օրգանիզմում կարող է միներալների ու վիտամինների պակաս գոյանալ: Ստորեւ նշված մթերքները զանազան նուտրիենտներ են պարունակում, որոնք կարեւոր են առողջության համար ու միաժամանակ վտանգավոր չեն ավելորդ կիլոգրամներ հավաքելու տեսակետից:

1. Կաթը հարուստ է կալցիումով, որը ազդում է մետաբոլիզմի եւ ճարպափոխանակության վրա: Կալցիումը նաեւ անհրաժեշտ է մեր ոսկորների առողջության համար: Կա տեսակետ, որ կաթը ոչ միայն չի խանգարում քնելուն, այլեւ հակառակը՝ կարող է բարձրացնել քնի որակը:

2. Խնձորը նույնպես կարելի է ուտել քնելուց առաջ. Ավելի լավ է այն խորովեք ջեռոցում, քանի որ դա կակտիվացնի ամուր քնելուն նպաստող նյութերը:

3. Սունկը նույնպես կարելի է ուտել գիշերը, բայց ցանկալի է, որ դա լինի եփած կամ էլ շոգեխաշված շամպինյոնների փոքր չափաբաժին:

4. Հավի կրծքամիսը հոյակապ ընթրիք է, որը հարուստ է սպիտակուցներով ու օրգանիզմի համար օգտակար նյութերով: Մասնագետները խորհուրդ են տալիս կրծքամիսը պատրաստել ջեռոցում կամ էլ եփել քիչ աղով:

5. Նուշը պարունակում է B խմբի վիտամիններ ու մագնիում եւ շատ օգտակար է: Սակայն քնից առաջ շատ նուշ ուտել խորհուրդ չի տրվում, փորձեք ահմանափակվել տասը հատ նուշով: