Արագ տեմպով քայլելն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ շատ ավելի արդյունավետ, քան մարզասրահը։ Այս մասին հայտնել են Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտողները։
Նրանց կարծիքով բոլոր տարիքի կանայք եւ 50 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնք կանոնավոր կերպով օրական 30 րոպե եւ ավելի զբոսնում են, ավելի նեղ իրան են ունենում եւ ավելի նիհար են լինում նրանցից, ովքեր օրինակ հեծանվասպորտով կամ վազքով են զբաղվում։ Իսկ նստակյաց կյանք վարողների հետ համեմատած՝ այդ տարբերությունն ուղղակի ակնհայտ է։ Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է ոտքով պարբերաբար զբոսնելու օգտակարությունը։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ զբոսանքի կոչեր անող քարոզարշավն ավելի արդյունավետ կլինի ճարպակալման դեմ պայքարելիս, քան առողջ սննդակարգի ակտիվ քարոզումը։
Նրանք ընդգծում են, որ ճարպակալումը տարածվել է աշխարհի զարգացած եւ զարգացող երկրների մեծ մասում, քանի որ մարդիկ հիմնականում նստակյաց կյանք են վարում եւ չափազանց զբաղված են մարզասրահ այցելելու համար։ Շատ դեպքերում ոտքով զբոսանքը կարող է շատ ավելի մատչելի միջոց լինել ավելորդ քաշից ազատվելու համար, քան առողջ սննդակարգի մթերքներ գնելը, որոնք կիսաֆաբրիկատներից եւ վերամշակված սննդից ավելի թանկ արժեն։ Ոտքով քայլել մարդիկ կարող են աշխատանքի գնալիս եւ տուն վերադառնալիս, հիշեցնում են գիտնականները։






