Այն մարդը, ով օրական առնվազն 6 ժամ ոտքի վրա է անցկացնում, 32 տոկոսով կրճատում է ճարպակալման զարգացման հավանականությունը, բացի դրանից նրա օրգանիզմում ճարպերի քանակը նույնպես մեկ երրորդով կրճատվում է: Այս մասին հայտնում են University of Texas-ի մասնագետները:
Նստակյաց կենսակերպը արդեն վաղուց է ասոցացվում վնասակարության հետ, սակայն առայսօր պարզ չէր՝ոտքի վրա կանգնելն օգտակա՞ր է, թե ոչ: Դա պարզելու համար գիտնականները 5 տարի հետեւել են 7000 մեծահասակ կամավորների կենսակերպին, ճարպակալման ցուցանիշներին ու գոտկատեղի հաստությանը: Կանգնած դիրքով անցկացրած ժամանակի ու ճարպակալման միջեւ կապը որոշվել է երեք չափերի միջոցով՝ մարմնի զանգվածի գործակցի, ճարպի տոկոսի ու գոտկատեղի հաստության: Կանգնած դիրքով անցկացրած ժամանակի ու մետաբոլիկ ռիսկի միջեւ կապը գնահատվել է մետաբոլիկ ախտանիշի օգնությամբ: Մետաբոլիկ ախտանիշը այն ռիսկի գործոնների համագումարն է, որոնք ավելացնում են սրտանոթային հիվանդությունենրի, կաթվածի ու շաքարախտի զարգացման վտանգը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա մեկ քառորդը ոտքի վրա անցկացնող տղամարդու ճարպակալման զարգացման հավանականությոնը նվազում է 32 տոկոսով, իսկ օրական 12 ժամ ոտքի վրա անցկացնողինը՝ 59 տոկոսով: Ինչ վերաբերում է կանանց՝ ապա այդ ցուցանիշները կազմել են 35 ու 57 տոկոս համապատասխանաբար: Կանգնած դիրքով երկար մնալու եւ մետաբոլիկ ախտանիշի զարգացման հավանականության միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել, սակայն գիտնականների կարծիքով՝ շատ կանգնելու սովորությունը՝ ֆիզիկական վարժությունների հետ միասին, նկատելիորեն նվազեցնում է այդ հավանականությունը:
Այս հետազոտության մասին հայտնում է Mayo Clinic Proceedings ամսագիրը:






