Նորվեգական համալսարանի կենսաբանների թիմը քաղցկեղային բջիջների հաղորդակցության նոր ուղիներ է հայտնաբերել. Պարզվում է, որ այդ բջիջներն իրար հետ եւ առողջ բջիջների «հաղորդակցվում են» գաղտնի, առայսօր անհայտ «թունելների» միջոցով:

Ինչպես հայտնում են Բերգենյան համալսարանի մասնագետները, այս բացահայտումը հնարավորություն է տալիս ոչ միայն հասկանալ քաղցկեղային ուռուցքների մետաստազներ առաջացնելու մեխանիզմները, այլեւ այդ թունելներն օգտագործել դեղորայք հասցնելու ու քաղցկեղը բուժելու նպատակով:

Քաղցկեղային բջիջների հաղորդակցությունը գիտնականները դիտարկել են լաբորատոր սրվակներում, սակայն նրանք վստահ են, որ նույնատիպ գործընթացներ են կատարվում նաեւ կենդանի օրգանիզմում: Այս համոզմունքի համար հիմք են հանդիսացել կրծողների մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքները: Ապագայում Նորվեգական համալսարանի աշխատակիցները ծրագրում են զբաղվել քաղցկեղի դեմ նոր արդյունավետ դեղամիջոցների մշակումով:

Այս հայտնագործության մասին հայտնում է The FASEB Journal ամսագրի նոյեմբերյան համարը:

«Միայն մեքսիկական նարկոբարոնները չեն գաղտնի ճանապարհներ օգտագործում նյութը՝ անանցանելի թվացող խոչընդոտներով փոխանցելու նպատակով»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Հերալդ Վայսմանը,- Քաղցկեղային բջիջները նույնն են անում, միայն թե բջջային մակարդակում: Հիմա՝ երբ մենք գիտենք այդ թունելների գոյության մասին, մենք կարող ենք գտնել դրանք փակելու կամ էլ դեղամիջոցի փոխանցման համար օգտագործելու ձեւերը»: