Օրական 3 գավաթ սեւ թեյը կարող է գրեթե մեկ երրորդով կրճատել ազդրոսկրի կոտրվածքի վտանգը։ Այդ մասին պատմում են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները։  Նրանց խոսքով, թեյը կարող է օգնել օստեոպորոզի դեմ պայքարում՝ հիվանդություն, որը ոսկրերը հեշտ կոտրվող ու փխրուն է դարձնում։ 

Նոր հետազոտությունը ի հայտ է բերել, որ ֆլավենոիդներ անունով քիմիական նյութերը, որոնք պարունակվում են սեւ թեյում, կարող են կանխել ոսկրային հյուսվածքի ոչնչացումը։ Շատ տարիների ընթացքում գիտնականները կասկածում էին, թե այդ քիմիական նյութերը՝ հակաօքսիդանտները օգնում են նվազեցնել մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, որոնց թվին են պատկանում քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները, իսկ այժմ գիտնականները պարզել են, որ թեյի օգտագործումը կարող է ծերացման ընթացքում ոսկրերը պաշտպանելու նոր միջոց դառնալ։ 

Օստեոպորոզը վնասում է ամեն երրորդ կնոջը եւ ամեն տասներկուերորդ տղամարդուն։  Այն կանայք, որոնք ստերոիդ դեղամիջոցներ են օգտագործում, ծխում են, օստեոպորոզի ընտանեկան պատմություն ունեն, տվյալ հիվանդության զարգացման առավելագույն ռիսկի են ենթարկվում։ Երիտասարդ տարիքում սխալ սնունդը եւ անառողջ սննդային սովորույթները մեծացնում են ավելի առաջացած տարիքում հիվանդության զարգացման ռիսկը, նշում են փորձագետները։ 

Հետազոտության ընթացքում գիտնականները տասը տարի շարունակ ուսումնասիրել են 70 տարեկան 1200 կնոջ։ Այդ ժամանակահատվածում  288 կին ընկել է եւ կոտրել ոսկրերը, իսկ կանանց մոտ կեսը կոնքազդրային հոդի կոտրվածք է ունեցել։  Արդյունքները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք  3 եւ ավելի գավաթ սեւ թեյ են խմել, ավելի քիչ են տուժել կոտրվածքից, քան նրանք, որոնք շաբաթվա ընթացքում մեկ գավաթից պակաս են խմել։ Մասնագետները նշում են, որ օրական նույնիսկ մի բաժակ թեյը մոտ 9 տոկոսով կրճատում է կոտրվածքի ռիսկը։