Կատարակտի վերացման վիրահատությունները շուտով գուցե անցյալ դառնան։ Դրանց կփոխարինեն նոր կաթիլները, որոնք կարող են «փոքրացնել եւ տարրալուծել» սպիտակուցային գոյացությունները, որոնք աշխարհում միլիոնավոր մարդկանց կուրության են հասցնում։ Այդ մասին տեղեկացնում են Կալիֆորնիայի, Վաշինգթոնի եւ Միչիգանի համալսարանների հետազոտողները։
Ինչպես գրում է Scientific American-ը, նոր դեղամիջոցի հիմքում ընկած է լանոստերոլի մոլեկուլը, որի ազդեցությամբ էլ կատարակտան նահանջում է։ Ստացված միացությունը լավ տարրալուծվում է, այդ պատճառով դրանից կարելի է լցնել աչքի համար սովորական կաթիլների մեջ։
Ի սկզբանե 2450 միացություն են փորձարկել արդյունավետ դեղամիջոցի ստեղծման նպատակով, ի վերջո հետազոտությունների շրջանակը նեղացել է մինչեւ 12 միացություն, որոնք վերաբերում են ստերինների դասին։ Մասնավորապես, լանոստերոլը կարող է մկների մոտ դադարեցնել հիվանդության զարգացումը եւ մասնավորապես վերականգնել աչքի՝ կատարակտայից տուժած բյուրեղիկի թափանցիկությունը։
«Դա կատարակտայի տեղական բուժում է լավ հեռանկարներով։ Դա բուժանձնակազմի հատուկ ուսուցում չի պահանջում, ի տարբերություն վիրահատական միջամտության։ Սա այն է, ինչ վաղուց փնտրում էր բժշկական հանրությունը», - ասում է բժիշկ Ջեյսոն Գեստվիտսկին Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիայի համալսարանից։
Չնայած կաթիլները դեռ պիտի փորձարկվեն հիվանդ մարդկանց վրա, հետազոտողներն արդեն լավատեսությամբ են խոսում դրանց ներուժի մասին, հատկապես հաշվի առնելով փորձարկումների հաջողությունը, որոնցում, կրծողներից եւ մարդկային բյուրեղներից բացի, օգտագործվել են նաեւ ճագարներ եւ շներ։ Ուշադրության առնելով այն փաստը, որ կատարակտան կուրության հիմնական պատճառներից մեկն է, այդ բացահայտումը կարելի է իսկական առաջընթաց համարել։






