Սրտի առաջին անթել խթանիչը, որը սրտին է ամրացվում առանց ավանդական հաղորդալարի, ԱՄՆ-ում հաջողությամբ անցել է փորձարկումը եւ ճանաչվել է որպես անվտանգ եւ արդյունավետ։ Փորձարկման արդյունքները կօգտագործվեն ԱՄՆ-ի տարածքում այդ սարքի բժշկական կիրառության իրավունք ստանալու համար։
Սրտի Micra խթանիչը, որն արտադրել է Medtronic Plc ընկերությունը, հիվանդի սրտին է հասնում զարկերակի միջոցով՝ ձողախողովակի օգնությամբ, որը տեղադրվում է աճուկի հատվածում, փորձարկվել է 725 հիվանդի վրա։ Վեց ամսվա ընթացքում սրտի ռիթմի այս խթանիչն օգտագործած հիվանդների 96 տոկոսի մոտ ոչ մի բարդացում չի նկատվել, չնայած հետազոտության մեջ ներգրավվել են բարձր ռիսկի խմբից հիվանդներ։ Սրտի խթանիչի ստեղծողները նրա աշխատանքի արդյունքները համեմատել են հաղորդալարով աշխատող խթանիչների համանման ցուցանիշների հետ։ Վերջնական արդյունքները ներկայացվել են Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Ամերիկյան սրտաբանական ընկերակցության հանդիպմանը։
Սրտի ավանդական խթանիչները սովորաբար տեղադրվում են կրծքավանդակի վերին հատվածում՝ կտրվածքի միջոցով եւ սրտին են ամրացվում հաղորդալարով, որը տեղադրվում է զարկերակի մեջ։ Դա սարքին հնարավորություն է տալիս էլեկտրական ազդակներ ուղարկել սրտի թույլ ռիթմի շտկման համար։
Իսկ սրտի նոր խթանիչը առանց նման հաղորդալարի է աշխատում, ինչը էականորեն կրճատում է այն բարդացումների վտանգը, որոնք առաջանում են հաղորդալարի մաշվելու, վարակների եւ սարքի անջատման հետեւանքով։






