ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները նոր պատվաստանյութ են մշակել, որը կարող է էականորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ հիվանդին ազատել ամեն օր ստատիններ ընդունելու անհրաժեշտությունից։
Աշխարհում միլիոնավոր մարդիկ ստիպված են այնպիսի դեղամիջոցներ ընդունել, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սակայն այդ դեղամիջոցները բազմաթիվ երկրորդական հետեւանքներ ունեն եւ որպես կանոն թանկ արժեն։ Նոր պատվաստանյութը, գիտնականների խոսքով, արդեն ստատիններից վատ չի գործում, բայց ամենայն հավանականությամբ պակաս կարժենա, իսկ երկրորդական հետեւանքներն այնքան լուրջ չեն։
Այս պատվաստանյութի մեկ ներարկումը երկար ժամանակով էականորեն նվազեցնում է «վատ խոլեստերինի» մակարդակը, ինչը շատ կարեւոր է մի շարք սիրտ-անոթային հիվանդություների կանխարգելման համար։ Իհարկե, մինչեւ հիմա պատվաստանյութը փորձարկվել է միայն մկների եւ կապիկների վրա։ Նրանց մոտ դեղամիջոցը մինչեւ 55 տոկոսով իջեցրել է «վատ խոլեստերինի» մակարդակը։ Մոտ ապագայում պատվաստանյութը մշակողները կսկսեն այն փորձարկել մարդկանց վրա։
Մեր օրգանիզմը D վիտամինի, սնունդը մարսող հորմոնների եւ մոլեկուլների համար խոլեստերին է արտադրում։ Իսկ ավելցուկի դեպքում խոլեստերինը արգելափակում է զարկերակները, ինչը հանգեցնում է սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածների։ Բայց խոլեստերինն ինքնին օգտակար է լինում, իսկ PCSK9 անունով սպիտակուցը նպաստում է արյան մեջ խոլեստերինի շրջանառությանը՝ օրգանիզմին թույլ չտալով ազատվել դրանից։ Նոր պատվաստանյութը ազդում է այդ սպիտակուցի վրա, որպեսզի խոլեստերինը բնական եղանակով լվացվի մեր արյունատար համակարգից։






