Գիտնականները գտել են այն մեխանիզմը, որը թույլ է տալիս քաղցկեղային բջիջներին ավելի արագ աճել ու բազմանալ, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աճում է: Սա կարող է բացատրել, թե ինչու արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց (օրինակ ճարպակալում ունեցողների) մոտ զգալիորեն ավելի մեծ քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը:
Ինչպես նշել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները, այսպես կոչված «շաքարային անջատիչը» կարող է բացատրել ճարպակալման ու քաղցկեղի միջեւ կապը: Երբ մենք սնունդ ենք գործածում՝ մարսողության ընթացքում այն տրոհվում է մոլեկուլների, որոնք արյան մեջ են հայտնվում: Արյունը շրջանառվում է ամբողջ օրգանիզմում՝ գլյուկոզա հասցնելով մարմնի բջիջներին, որոնք այն օգտագործում են որպես վառելիք: Որպեսզի գլյուկոզան ավելի արդյունավետ կլանվի՝ այն միանում է ինսուլին կոչվող հորմոնի հետ, որը «դարպասապահի» դեր է կատարում, քանի որ ամրանում է բջիջների մակերեսին գտնվող ռեցեպտորներին ու բացում դարպասները կամ ճանապարհները՝ գլուկոզային թողնելով, որ ներս մտնի:
Հետազոտողները դեռ երկու տարի առաջ էին ստեղծել ճանճեր՝ ակտիվացնելու համար ան գեները, որոնք ակտիվ են նաեւ քաղցկեղով հիվանդներից շատերի մոտ: Ճանճերն ունեին այն նույն գեները, որոնք վերահսկում են մետաբոլիզմը ու բջիջների աճը մարդկանց մոտ, դրա համար էլ ստացված արդյունքները նաեւ մարդկանց են վերաբերում:
Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները այդ նույն ճանճերին ավելի մանրակրկիտ են ուսումնասիրել: Նրանք պարզել են, որ ուռուցքների բջիջները գլյուկոզայի մատչելիությունը ոչ թե իրենք են ճանաչում այլ SIK անվանումով սպիտակուցի միջոցով: Այդ սպիտակուցը շաքարի սենսորի պես մի բանի դեր է կատարում: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանն ի պատասխան՝ սպիտակուցը ստեղծում է աճի որոշակի ազդանշաններ, որոնք էլ թույլ են տալիս, որ ճարպակալումով տառապողների օրգանիզմում ուռուցքների բջիջներն ավելի արագ զարգանան ու աճեն:






