Հայաստանի Մաքսային միությանը միանալուց հետո դեղերի ներկրման վրա մաքսատուրք չի սահմանվի, բայց մաքսատուրքը կարող է գործել դեղամիջոցների հումքի ներկրման դեպքում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Հայստանի Մաքսային միությանը անդամակցելուց հետո դեղերը կթանկանան։

Ըստ Ս. Զաքարյանի, դեռ վաղ է խոսել գների կամ մաքսատուրքի բարձրացման մասին, քանի որ դեղերի ներմուծման եւ արտահանման կարգավորման հարցերը դեռ բանակցության փուլում են։ Ամեն դեպքում, «դեղամիջոցների արտահանման կամ ներմուծման մեջ գործնականորեն ոչինչ չի փոխվում, բայց կան որոշակի կետեր՝ կապված դեղամիջոցների հումքերի ներմուծման հետ»։

«Առաջարկը Մաքսային միության անդամների կողմից մենք արդեն ստացել ենք։ Որոշ դեղամիջոցների հումքերի ներկրման համար առաջարկել են ավելի բարձր տոկոսներ կիրառել։ Եթե նախկինում դա զրո էր, հիմա կարող է դառնալ 10 տոկոս։ Բայց սա դեռ ընդունված չէ», - ասաց նա, հավելելով, որ հայկական կողմը ի դեմս Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացրել է իր առաջարկները, ցանկանալով այս 10 տոկոսը նույնպես հասցնել զրոյի։