Աշխատանքային օրերին վաղ արթնանալու եւ դրա փոխարեն հանգստյան օրերին երկար քնելու սովորությունը կարող է բարձրացնել շաքարախտի, ճարպակալման ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է Clinical Endocrinology & Metabolism ամսագրում:

Սա առաջին հետազոտությունն է, որտեղ ասված է, որ նույնիսկ առողջ մեծահասակ մարդիկ, որոնք գրեթե նորմալ ռեժիմով են ապրում, մետաբոլիկ լուրջ խանգարումներ են ունենում կենսական ռիթմերի առումով:

Պատրիցիա Վոնգը՝ ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանից ու նրա գործընկերները հանգել են այդ եզրակացությանը՝ հետեւելով մեծահսակաների ու աշխատողների առողջության ու վարքագծի մոնիտորինգային ծրագրին (AHABP) մասնակցած 30-55 տարեկան մոտավորապես հինգ հարյուր տղամարդու ու կնոջ: Այս ծրագրի բոլոր մասնակիցները մի քանի շաբաթ շարունակ հատուկ ապարանջաններ են կրել, որոնք չափում էին, թե որքան են նրանք շարժվում ու հետեւում օրվա ընթացքում նրանց գործունեությանը:

Այդ ապարանջանների միջոցով ստացված տվյալները ցույց են տվել, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը հանգստյան օրերին ավելի երկար է քնում, քան աշխատանքային օրերին ու ավելի ուշ է պառկում քնելու: Այլ կերպ ասած՝ նրանք շաբաթվա ընթացքում կուտակված քնի պակասը հանգստյան օրերին են լրացնում:

Այն մարդիկ, որոնց շրջանում այս միտումը առավել նկատելի է ու ակնհայտ,ավելի շատ առողջական խնդիրներ են ունեցել, քան փորձի մյուս մասնակիցները: Եվ այսպես, նրանց արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը, նրանք ավելի վատ եմ արձագանքում ինսուլինին ու նկատելիորեն ավելի հաճախ են ավելորդ քաշ ունենում: Այս ամենը վկայում է այն մասին, որ նրանք ավելի շատ են հակված շաքարախտի ու սրտանոթային խնդիրների առաջացմանը: