Կալցիումն ու երկաթը երկու նյութ են, որոնք խանգարում են իրար յուրացմանը: Սննդի մեջ երկաթի եւ հատկապես` երկաթի սուլֆատի ավելացուկը, որով Հայաստանում պատրաստվում են հարստացնել ալյուրը, կարող է խանգարել կալցիումի նորմալ յուրացմանը՝ դրանով բարձրացնելով օստեոպորոզի զարգացման ռիսկը: Այդ մասին լրագրողներին պատմել է Կենսագործունեության էկոլոգիայի եւ անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Կափանցյանը:   

Գիտական գրականության մեջ կարելի է բազմաթիվ հիշատակումներ գտնել այն մասին, որ կալցիումը եւ երկաթն իրոք էլ իրար հակասող ազդեցություն ունեն, որը կանխարգելելը հնարավոր է սոսկ կալցիում պարունակող (կաթ, կանաչեղեն, բանջարեղեն) եւ երկաթով հարուստ (միս, լյարդ) սննդամթերքների առանձին ընդունմամբ: Սակայն դա անհնար կլինի, եթե մարդիկ բոլոր մթերքների հետ երկաթի սուլֆատով հարստացված հաց օգտագործեն:

Ինչպես նշել է Դոլորես Կապանցյանը, եթե մարդու սննդի մեջ շատ երկաթ լինի, նախ դա վատ կմարսվի եւ հազիվ թե օգնի կանխարգելել սակավարյունությունը, երկրորդ` դա կխանգարի կալցիումի նորմալ յուրացմանը, ինչն ավելի կբարձրացնի օստեոպորոզի զարգացման ռիսկը, հատկապես 50-ից բարձր կանանց մոտ:

Հետաքրքիր է, որ ենթադրություն կա, թե օրգանիզմում երկաթի պակասը կարող է բարձրացնել օստեոպորոզի զարգացման վտանգը, չնայած նոր հետազոտություններ են պահանջվում դա ապացուցելու համար: Միաժամանակ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ օրգանիզմում երկաթի ավելցուկն ու կուտակումը եւս բարձրացնում է այդ հիվանդության զարգացման ռիսկը, հենց դրա համար էլ այնպիսի հիվանդություններով, ինչպիսին, օրինակ, տալասեմիան է, հիվանդ մարդիկ, որոնց օրգանիզմում երկաթի ավելցուկ է կուտակվում, ավելի հաճախ են բախվում օստեոպորոզի խնդրին: Եվս մի հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ օրգանիզմում երկաթի կուտակման մակարդակի նվազեցումը դաշտանադադարից հետո կարող է նվազեցնել օստեոպորոզի զարգացման ռիսկը: