Ավանդաբար ավելորդ քաշի ու ճարպակալման պատճառն է համարվում սխալ սննդակարգը, որը հարուստ է ճարպերով ու դատարկ կալորիաներով: Սակայն վերջերս Ջորջիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալման հարցում իրենց դերը կարող են կատարել նաեւ աղիների բորբոքային պրոցեսները, որոնք պայմանավորված են սննդակարգում լուծվող բջջանյութի պակասով:

Բջջանյութը լինում է լուծվող ու չլուծվող: Հենց լուծվող թելիկների պակասն է  ոչ բարենպաստ փոփոխություններ առաջացնում աղիների կառուցվածքում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ավելորդ քաշի, հավաստիացնում են հետազոտության հեղինակները:

Մի խումբ մասնագետներ վերլուծել են, թե ինչպես են մկների աղիների վիճակի, նաեւ ճարպի ու քաշի կուտակման վրա ազդում սննդի տարբեր տեսակները, որոնք պարունակում էին լուծվող ու չլուծվող թելիկների, սպիտակուցի ու ճարպ պարունակող բաղկացուցիչների տարբեր մակարդակներ:

Գիտնականները պարզել են, որ այն կենդանիները, որոնց սննդի մեջ լուծվող բջջանյութը նորմայից ավելի քիչ էր, ավելի շատ ճարպային զանգված ունեին այն մկների համեմատ, որոնց սննդակարգում բավականաչափ լուծվող թելիկներ կային: Լուծվող բջջանյութի մշտական պակասի դեպքում կրծողների աղիները կարճանում էին,իսկ դրանց պատերն էլ՝ բարակում, ընդ որում այդ կառուցվածքային փոփոխություններն իրենց դրսեւորում էին փորձը սկսելուց երկու օր հետո:

«Սննդակարգում լուծվող բջջանյութի պակասը նպաստում է աղիներում բորբոքման զարգացմանը ու դրանց առողջության վատացմանը, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացմանը»,- ամփոփել են Ջորջիայի համալսարանի գիտնականները:

Միեւնույն ժամանակ նրանք համարում են, որ սննդակարգում լուծվող բջջանյութի քանակի ավելացումը կարճ ժամանակում օգնում է վերականգնել աղիների կառուցվածքը: Ավելին, մասնագետները վստահ են, որ հենց լուծվող թելիկներով մթերքների գործածումն է ունակ արդյունավետորեն պաշտպանել մետաբոլիկ հիվանդություններցի, որոնք վերջերս իսկական համաճարակ են դարձել:

Փորձագետները հիշեցնում են, որ լուծվող բջջանյութով հարուստ մթերքներից են վարսակաշիլան, ընկույզները, ոլոռազգիները, խնձորն ու հապալասը: