Շատ հոդվածներում, ռադիոհաղորդումներում եւ տեսանյութերում հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ սխալ եզրույթներ, ձեւակերպումներ, կարծրատիպեր են գործածվում: Նման եզրակացության են հանգել հայկական լրատվամիջոցների մոնիտորինգի հեղինակները, որի մասին լրագրողներին մատմել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:
Լրատվամիջոցների մոնիտորինգն ամռանն իրականացրել է «Ունիսոն» ՀԿ-ն` Հայաստան-Բաց Հասարակության Հիմնադրամի աջակցությամբ: Մոնիտորինգը ցույց է տվել, որ.
• Ուսումնասիրված նյութերի 86 տոկոսում օգտագործվել են սխալ տերմիններ եւ ձեւակերպումներ,
• 57 տոկոսում առկա են եղել կարծրատիպեր,
• 56 տոկոսում օգտագործվել են կարծրատիպային պատկերներ
• 44 տոկոսում կարծրատիպային շեշտադրումներ են արվել
• 34 տոկոսը նպաստել է կարծրատիպերի ձեւավորմանը,
• 8 տոկոսը սխալ տեղեկություններ են պարունակել,
• 7 տոկոսում կարծրատիպային երաժշտություն է օգտագործվել
• 4 տոկոսում առկա է եղել տեքստի եւ պատկերի անհամապատասխանություն
Ինչպես նշել է Արմեն Ալավերդյանը, շատ լրագրողներ իրենց նյութերում օգտագործում են ոչ այնքան ճիշտ բառեր եւ ձեւակերպումներ, որոնք անցանկալի հուզական գունավորում են պարունակում: Օրինակ` հաճախ գրում են կամ ասում «հաշմանդամ» եւ «հիվանդ», փոխանակ ասեն «հաշմանդամությամբ մարդ», իսկ հաշմանդամություն չունեցողներին կոչում են «առողջ» կամ «լիարժեք», ինչը եւս ճիշտ չէ: Նույնը վերաբերում է նաեւ հոգեկան եւ մտավոր խնդիրների նկարագրմանը. հաճախ հնարավոր է հանդիպել այնպիսի բառեր, ինչպիսիք են` «հոգեկան հիվանդ», «խելագար», «դեբիլ», այն դեպքում, երբ ավելի ճիշտ է ասել «հոգեկան հաշմանդամություն ունեցող մարդ», «մտավոր զարգացման հապաղում ունեցող անձ», «հոգեկան/հոգեբանական խնդիրներ ունեցող մարդ» եւ այլն:
Արմեն Ալավերդյանը նաեւ նշել է, որ շատ տեսանյութերում կարծրատիպային երաժշտություն է օգտագործվում, երբ խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցող մարդկանց, ընդ որում, անկախ նրանից, թե ինչ է ասվում նրանց մասին. նույնիսկ եթե նյութն այն մասին է, որ հաշմանդամությամբ մարդը աշխատանքի է տեղավորվել կամ որեւէ լավ բան է արել, հետին պլանում կարող է «սգո» երաժշտություն հնչել:
Մասնագետների խոսքով, բոլոր այդ սխալները նպաստում են հաշմանդամությամբ մարդկանց վերաբերյալ սխալ կարծրատիպերի ի հայտ գալուն ու տարածվելուն, իսկ այդ մարդկանց մեջ էլ բացասական հույզեր են առաջանում:






