Ձուկ քարը, որը բնակվում է քարերի ու մարջանախութերի մեջ եւ արտաքուստ գրեթե չի տարբեվում դրանցից, աշխարհի ամենաթունավոր ձկներից մեկն է: Նրա մարմինը ամբողջովին պատված է սուր փշերով, որոնց խայթոցը կարող է վերջույթների անդամահատման կամ էլ նույնիսկ մահվան պատճառ դառնա:

Ավստրալիայի Monash University –ի գիտնականներն ուսումնասիրել են այդ վտանգավոր ձկան թույնը: Նրանք պարզել են, որ դրանում պարունակվող սթոնուստոքսինը իր կառուցվածքով նման է պերֆորինին՝ մարդու իմունային սպիտակուցներից մեկին: Օրգանիզմը պրֆորինների օգնությամբ պայքարում է ուռուցքային բջիջների եւ վիրուսներով վարակված բջիջների դեմ: Դրանք ամրանում են բջիջների մակերեսին, ձեւավորելով խոշոր անցքեր, որոնցով կարող են ներթափանցել թույները ու քայքայել դրանք: Նման անցքեր ձեւավորելու համար անհրաժեշտ է պերֆորինի 20 մոլեկուլ: Մարդու օրգանիզմում այդ սպիտակուցների բարձր ակտիվությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, օրինակ՝ ներպատվաստված օրգանների կամ էլ ոսկրուղեղի մերժման ( լեյկեմիայի բուժման ժամանակ): Դրա համար էլ այսօր գիտնականների կարեւորագույն խնդիրներից մեկն է պերֆորինների ինգիբիտորների մշակումը:

Գիտնականները՝ Էնդրյու Էլլիսդոնի գլխավորությամբ, ձկան թույնի մեջ գտել են պերֆորինանման սպիտակուցներ, որոնք նույնպես կարող են բջիջներում անցքեր առաջացնել: Նրանք կարողացել են ուսումնասիրել բջիջների մակերեսին նման անցքերի ձեւավորման սկզբնական փուլերը: Դա կօգնի մշակել այնպիսի դեղամիջոցներ, որոնց գործածումը կբարձրացնի պատվաստումների արդյունավետությունը ու կկանխի օրգանիզմի կողմից դրանց մերժումը:

Այս աշխատանքների մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագիրը: