Այն մարդիկ, որոնք բացասական պատկերացում ունեն ծերության մասին ու հավատում են ծերության մասին կարծրատիպերին, ավելի վտանգված են Ալցհեյմերի հիվանդության զարգացման տեսակետից: Այս մասին հայտնում են Հանրային առողջության Ելի դպրոցից:
Հետազոտողները տասը տարվա ընթացքում հետեւել են 158 մարդու, որոնք միջին տարիքը 68-ն էր, ու նրանցից ոչ մեկը հետազոտությունը սկսելու պահին տկարամտությամբ չէր տառապում: Փորձի մասնակիցները անցել են հոգեբանական թեստեր, որտեղ նրանց առաջարկել էին համաձանել կամ չհամաձայնել տարբեր պնդումների հետ, ասենք «ծեր մարդիկ ցրված են» եւ այլն: Բացի դրանից նրանք ամեն տարի անցնում էին ուղեղի ՄՌՏ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք ի սկզբանե վստահ էին ծերության բացասական դրսեւորումների հարցում, հիպոկամպի ավելի փոքր ծավալ ունեին: Հիպոկամպը ուղեղի այն գոտին է, որը պատասխանատու է զգացմունքների ձեւավորման ու հիշողության կոնսոլիդացման համար: Տարիների ընթացքում հիպոկամպի ծավալը էլ ավելի է փոքրացել նրանց մոտ, ովքեր ի սկզբանե տրամադրված էին, որ ծերանալուց հետո «կորցնելու են իրենց գիտակցությունը»:
Բացի դրանից, գիտնականների թիմը հետազոտել է այն 78 մարդու ուղեղը, որոնք մահացել էին փորձի ընթացքում: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք հետազոտության սկզբում հակված էին հավատալու «անպիտան ծերությանը», ավելի շատ ամիլոիդ գնդեր ու նեյրոֆիբրիլյար կծիկներ ունեին, որոնց ձեւավորումը բնորոշ է Ալցհեյմերի հիվանդությանը:
«Մենք համարում ենք, որ այն սթրեսը, որը մարդը զգում է ծերության բացասական ընկալման պատճառով, ինչը հաճախ հենց հասարակությունն է տարածում, կարող է գլխուղեղի հիվանդագին փոփոխություններ սադրել», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ Բեքքա Լեվին:
Այս հետազոտության մասին հայտնում է Psychology and Ageing ամսագիրը:






