Ձմռանը օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ մեծանում է մրսելու եւ հիվանդանալու հավանականությունը:   Նյու Յորքից դիետոլոգ Լիզա Յարան ներկայացրել է այն   10 մթերքի ցուցակը, որոնք կարող են ամրապնդել օրգանիզմը եւ պաշտպանել մրսածությունից: 

1. Կարմիր պղպեղ

C վիտամինն ուղղակի անհրաժեշտ է իմունային համակարգի ամրապնդման համար, իսկ կարմիր պղպեղում դրանից երկու անգամ ավելի շատ կա, քան ցիտրուսային բույսերում:   «Օրական հինգ տարբեր մրգի եւ բանջարեղենի օգտագործումը կարող է օրգանիզմն ապահովել  200 մգ  C վիտամինով եւ դրանով բարձրացնել իմունիտետը», - նշել է դիետոլոգը:

2. Սամիթ

Սամիթի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է վարակիչ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Այդ բույսը մեծացնում է արյան սպիտակ գնդիկների քանակը, որոնք օրգանիզմում ոչնչացնում են մանրէներին ու հարուցիչները:  

3. Կանաչ թեյ

Կանաչ թեյն օգտակար է ոչ միայն կազմվածքի, այլեւ առողջության համար ընդհանուր առմամբ: Դրանում կան հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին վնասելու հատկություն ունեցող օքսիդանտների եւ ազատ ռադիկալների դեմ պայքարի համար:  

4. Սխտոր

Սխտորը հնուց ի վեր համարվում է մրսածության դեմ պայքարի կարեւորագույն օգնականներից: Այն կալցիում, կալիում եւ ծծմբային միացություններ է պարունակում, որոնք ի վիճակի են օրգանիզմն ազատել շատ վնասակար մանրէներից: 

5. Քաղցր կարտոֆիլ (բատատ)

Տոնական սեղանին ավանդական կարտոֆիլի պյուրեին հրաշալի այլընտրանք կարող է դառնալ քաղցր կարտոֆիլը: Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ բարելավում է բջիջների գործառույթները: 

6. Յոգուրտ

Շատ յոգուրտներ պրոբիոտիկներ են պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են դիմակայել վարակին եւ արագ վերականգնվել հիվանդությունից հետո:  «Յոգուրտում պրոբիոտիկները օգտակար մանրէներ են, որոնք բարելավում են նյութափոխանակությունը: Իմունիտետը  60 տոկոսով կախված է աղիքների առողջությունից», - նշել է մասնագետը:

7. Քրքում

Քրքումը ոչ միայն ուտեստի համը բարելավող համեմունք է, այլեւ օգտագործվում է վարակների եւ բորբոքումների դեմ պայքարում` կանխարգելելով ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքները:

8. Սաղմոն

Այս ձուկը հարուստ է սպիտակուցներով, որոնք հագեցած են այնպիսի անհրաժեշտ սննդանյութերով, որպիսիք են օմեգա-3 ճարպաթթուները, որոնք անհրաժեշտ են   T-բջիջների ակտիվացման համար: Որքան օրգանիզմում ավելի բարձր է այդ բջիջների մակարդակը, այնքան շատ շանս ունեք չհիվանդանալու: 

9. Ոստրեներ

Ոստրեները C, E վիտամիններ են պարունակում եւ շատ հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են օրգանիզմի բջիջների առողջությունը: 

10. Բրյուսելյան կաղամբ

Բրյուսելյան կաղամբը շատ քիչ կալորիաներ եւ շատ սննդանյութ է պարունակում:  C վիտամինի օրական նորմայի կեսը լրացնելու համար ձեզ այս նյութից ընդամենը կես բաժակ անհրաժեշտ կլինի: