Համակարգչային խաղերը ամենեւին էլ այնքան վնասակար չեն տեսողության ու առողջության համար, որքան ոմանք են կարծում, իրականում 3D տեսախաղերը լավացնում են հիշողությունը, հավաստիացնում են Քալիֆորնիական համալսարանի գիտնականները:
Քրեյգ Սթարքն ու նրա գործընկերները փորձ են անցկացրել, որին մասնակցել են համակարգչային խաղերով հրապուրվող ուսանողներ: Երկու շաբաթվա ընթացքում նրանք բոլորն ամեն օր օրական կես ժամ տեսախաղեր են խաղացել: Մասնակիցների մի խումբը երկչափ խաղ էր խաղում (AngryBirds), իսկ մյուսը՝ եռաչափ (Super Mario 3D World):
Փորձից առաջ եւ հետո գիտնականները ստուգել են հետազոտության մասնակիցների հիշողությունը ու գնահատել հիպոկամպի աշխատանքը: Հիպոկամպը գլխուղեղի այն մասն է, որը պատասխանատու է ուսման եւ հիշողության համար: Բոլոր կամավորներին առաջարկել են դիտել մի քանի նկար, որոնց վրա պատկերված էին ամենօրյա կյանքում նրանց շրջապատող իրեր: Որոշ ժամանակ հետո նրանց նորից են ցույց տվել այդ նկարները, որոնց շարքում կային թե նոր նկարներ, թե այնպիսիք, որոնց վրա պատկերված էին նույն իրերը, բայց աննշան փոփոխություններով: Փոխված նկարները ճանաչելու գործին մասնակցում է հիպոկամպը, եւ այդ ունակությունը տարիքի հետ նվազում է:
Եռաչափ խաղեր խաղացող ուսանողները թեստերի հանձնման իրենց արդյունքները բարելավել էին, նրանք ավելի լավ էին հիշում ու ճանաչում նկարները, նրանց հիշողությունը լավացել էր 12 տոկոսով: Հեղինակները շեշտում են, որ դա այդքան էլ քիչ չէ, 45-70 տարեկանում այդ ցուցանիշը մոտավորապես այդքանով է նվազում:
Մոտ ժամանակներս Սթարքն ու նրա գործընկերները ծրագրում են պարզել, արդյոք 3 D խաղերը կօգնեն հաղթահարել հիպոկամպի հետ կապակցված մտավոր խանգարումները, որոնց զարգանում են տարեց մարդկանց մոտ:






