Շատերը կարծում են, թե փքված փորը եւ բարձր գազարտադրությունը մարսողության խնդիրներ են մատնանշում: Սակայն Կոպենհագենի համալսարանի հետազոտողները պնդում են, որ որովայնի փքումը նորմալ երեւույթ է, երբ մարդը հետեւում է ճիշտ սննդի սկզբունքներին եւ ամբողջական ցորենից սննդամթերք է օգտագործում:
«Աղիքներում գազարտադրության բարձրացումը եւ ավելի հաճախակի արտաթորումը, որն ուղեկցում է ամբողջական ցորենից սննդամթերքի օգտագործմանը, նորմալ երեւույթ է, որը վկայում է, որ դուք ճիշտ եք սնվում», - ասում են գիտնականները:
Մասնագետների եզրահանգումը հիմնված է հետազոտության արդյունքների վրա, որի շրջանակում հետեւել են 75 կամավորի, որոնցից ոմանց սննդի մեջ ամբողջական ցորենից սննդամթերք էր մտնում: Պարզվել է, որ այն կամավորները, որոնց սննդի մեջ մտնում էին ամբողջական ցորենից ուտեստներ (ապուրներ, հաց, մյուսլի եւ այլն), երկու անգամ ավելի հաճախ էին զուգարան գնում, քան մյուսները: Բացի այդ, փորձարկվողների այդ խմբի մոտ օրվա ընթացքում ավելի շատ աղիքային գազեր էին առաջանում:
Այնուամենայնիվ, նույնիսկ տվյալ ախտանիշների առկայության դեպքում մարդիկ, որոնք ապուրներ եւ հաց էին ուտում, ընդհանուր առմամբ իրենց անհամեմատ ավելի լավ էին զգում, քան նախագծի մյուս մասնակիցները: Նրանք, ովքեր ամբողջական ցորենից մթերք չէին օգտագործում, բողոքում էին տոնուսի նվազումից եւ հոգնածությունից: Միաժանակ նրանց մոտ եւս աղիքների փքում էր դիտարկվում:
«Զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջական ցորենից մթերքներ օգտագործող մարդիկ իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր չեն ուտում դա կամ էլ ովքեր վերամշակված, զտված ալյուրից պատրաստված մթերքներ են օգտագործում: Հատիկներում պարունակվում են վիտամիններ եւ այլ նյութեր, որոնց պակասը, ինչպես նաեւ թեփից մաքրումը բացասաբար է ազդում ինքնազգացողության վրա», - ասել է հետազոտության առաջավոր հեղինակ Սթին Վուհոլմը:
Մասնագետն ընդգծել է, որ գազերի առաջացումն ու ավելի հաճախակի արտաթորումը ամբողջական հատիկներից մթերքներով ճիշտ սննդի անփոփոխ ուղեկիցներն են: Այդ պատճառով չարժե անհանգստանալ: Ամբողջական, այսինքն` չզտված հատիկներից սննդամթերքում պարունակվում են սննդային մանրաթելեր, որոնք, աղիքային մանրէների ակտիվության շնորհիվ հաստ աղիքում ֆերմենտացիայի գործընթաց են անցնում. հենց դա էլ հանգեցնում է որովայնի փքմանը, հավելյալ գազարտադրությանը:






