Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի հետազոտողները: Հազվագյուտ շաքարը, որը պարունակվում է այդ մթերքներում, կանխարգելում է մելանոմայի տարածումը:
Այս շաքարը, որը հայտնի է L-ֆուկոզա անվանումով, գիտնականներն առաջին անգամ կապել են մելանոմայի` մաշկի քաղցկեղի վտանգավոր տարատեսակի հետ: Հետազոտողները պարզել են, որ նյութափոխանակության մեջ L-ֆուկոզայի վրա ազդելով` հնարավոր է ճնշել մելանոմայի տարածումը:
«Այս նյութն ազդում է ոչ միայն ուռուցքների վրա, այլեւ դրանք շրջապատող միկրոմիջավայրի, այսինքն` կողքին գտնվող բջիջների, որոնք կարեւոր դեր են խաղում քաղցկեղի պահպանման վրա, ասել է բժիշկ Ռեեւ Զոնայը, որը հետազոտության առաջատար հեղինակն է: Դա մեր բացահայտումն էլ ավելի կարեւոր է դարձնում մաշկի քաղցկեղի բուժման գործում»:
Շաքարները, որոնց թվին են պատկանում գլյուկոզան եւ սուկրալոզան, մեր օրգանիզմի կողմից տարբեր կերպ են օգտագործվում: Դրանցից որոշները, ինչպես օրինակ L-ֆուկոզան, բջիջների մակերեւույթին սպիտակուցների համար կարեւոր նիշ են հանդիսանում: Որոշակի բջիջներում L-ֆուկոզայի թվի փոփոխությունը կապվել է նաեւ կաթնագեղձի եւ ստամոքսի քաղցկեղի հետ:
Մելանոմայով հիվանդ մկների մոտ գիտնականները բարձրացրել են L-ֆուկոզայի պարունակությունը` խմելու ջրի մեջ հավելումների միջոցով կամ էլ գենետիկական մակարդակում: Այդ երկու մեթոդիկան էլ օգնել են ճնշել ուռուցքների եւ դրանց մետաստազների աճը:






