Առավոտյան սուրճ խմելու հետեւանքով փոփոխության են ենթարկվում գլխուղեղի նեյրոնային կապերը: Նման եզրակացության է հանգել Սթենֆորդի հոգեբան Ռասսել փոդրաքը՝ մի անսովոր հետազոտությունից հետո: Մեկուկես տարվա ընթացքում նա շաբաթական երկու անգամ իր սեփական ուղեղի մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա է արել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել է Stanford news–ում: ՄՌՏ –ից բացի Ռասսել Փոդրաքը երեքշաբթի օրերին քաղցած էր մնում ու արյան անալիզ անում: «Պարզվում է, ուղեղի վրա ամենից շատ ազդում են նախաճաշն ու մեկ բաժակ սուրճը», - ասում է գիտնականը: Երեքշաբթի օրերին երբ նա հետազոտվում էր քաղցած ժամանակ, գլխուղեղում նեյրոնային կապերը բոլորովին այլ կերպ էին աշխատում, քան հինգշաբթի օրերին, երբ նա սուրճի հետ միասին կոֆեինի որոշակի չափաբաժին էր ստանում: Մասնավորապես առանց սուրճի սոմատոսենսորային ու տեսողական համակարգերն ավելի լավ էին աշխատում:
Հիմա Ռասսել Փոդրաքի ուղեղը աշխարհում ամենալավ ուսումնասիրված ուղեղներից մեկն է: Ստացված արդյունքները բազմաթիվ նոր հարցեր են ծնում, բայց գիտնականները վստահ են, որ նման երկարաժամկետ ու մանրակրկիտ վերլուծությունը մեծ առաջընթացի հնարավորություն է բացում նեյրոնային կապերի խանգարումների ուսումնասիրության ոլորտում: Եվ ավելի հստակեցնում է որոշ հիվանդությունների՝ մասնավորապես շիզոֆրենիայի կամ երկբեւեռ խանգարման պատճառների պատկերը:





