Գրգռված աղիների համախտանիշով տառապող մարդկանց 82 տոկոսը տառապում է օրգանիզմում D վիտամինի պակասից, պնդում են University of Sheffield-ի գիտնականները: Հնարավոր է, որ հենց այդ վիտամինը կարող է վերոհիշյալ հիվանդության բուժման բանալին դառնալ:
Մեր օրգանիզմում այդ վիտամինն ամենից հաճախ արտադրվում է արեւի ճառագայթների ազդեցությամբ: Այն առկա է նաեւ որոշ սննդամթերքներում, ներառյալ կաթը եւ թյունաձուկը:
Գիտնականները ենթադրել են, որ վիտամին D-ով հավելումները կարող են օգնել սանձելու գրգռված աղիների համախտանիշը (ԳԱՀ): Դա մարսողական տրակտի խրոնիկական խանգարում է, որով տառապում է զարգացած երկրների բնակչության գրեթե 15 տոկոսը: Ամեն հիվանդի մոտ ԳԱՀ-ն ի հայտ է գալիս տարբեր եղանակով. Մեկի մոտ փորլուծություն կամ փորկապություն է նկատվում, ուրիշի մոտ` աղիների աշխատանքի այլ խանգարումներ:
Բժիշկները ճշգրիտ չգիտեն, թե ինչն է ԳԱՀ առաջացնում, սակայն հայտնի է, որ սխալ սննդակարգն ու սթրեսը վատացնում են դրա ընթացքը: ԳԱՀ-ի զոհերը հաճախ ամաչում են բժշկի դիմել, ինչի հետեւանքով շատ մարդկանց մոտ այդ համախտանիշը չեն էլ ախտորոշում:
Դարձյալ վերջերս D վիտամինը կապել են զարկերակային ճնշման եւ երիկամների եւ սրտի հիվանդությունների առաջացման ռիսկի կրճատման հետ: ԳԱՀ-ից տառապող առանձին հիվանդների պատմությունները ցույց են տալիս, որ D վիտամինի հավելումն իրոք կարող է հանգեցնել ախտանիշների բարելավմանը եւ կյանքի որակի բարձրացմանը:






