Աչքերի երկնագույն երանգը պայմանավորված է HERC2 գենի մուտացիայով, պարզել են Գերմանիայի գիտնականները: Այս հայտնագործությունը հնարավոր է դարձել ԴՆԹ մի մասի ուսումնասիրության շնորհիվ, որը գենետիկները կարողացել են հանել մի նախնադարյան մարդու ատամից: Հայտնաբերվել է, որ այն մարդը, ում մնացորդները հետազոտվել էին, հենց երկնագույն աչքեր է ունեցել: Գերմանացի գենետիկների այս բացահայտման մասին հայտնել է Israelinfo էլեկտրոնային ամսագիրը:
«Տվյալ մուտացիայի առաջին կրողը ապրել է մոտավորապես 7000-10 000 տարի առաջ: Սա նշանակում է, որ բոլոր երկնագույն աչքեր ունեցողները ունեն մեկ ընդանուր՝ համեմատաբար «երիտասարդ» նախնի,որը մեզանից մոտավորապես 400 սերունդ առաջ է ապրել»,- մասնագետների եզրակացություններն է ներկայացնում ամսագիրը:
Այսօրվա դրությամբ բավականաչափ ծանրակշիռ գիտական ապացույցներ կան այն մասին, որ ժամանակակից մարդկանց հեռավոր նախնիները Աֆրիկայում են բնակվել ու շագանակագույն աչքեր են ունեցել: Սակայն մոլորակում մարդկային պոպուլյացիայի տարածմանը զուգահեռ մաշկի ու աչքերի պիգմենտացիան զանազան փոփոխություններ է կրել: Մասնավորապես երկնագույն աչքերով մարդիկ հայտնվել են գենային մուտացիայի հետեւանքով:
Առաջ գիտնականները կարծում էին, թե աչքերի երկնագույն երանգը OCA2 գենի մուտացիայի արդյունքն է: Սակայն նրանց այդպես էր չէր հաջողվել գտնել OCA2 այն տարբերակը, որը պատասխանատու է երկնագույն աչքերի համար: Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ աչքերի երկնագույն երանգի համար պատասխանատու է մեկ այլ գեն՝ HERC2- ը, որը անջատում է հարեւանությամբ տեղակայված OCA2-ը:






