Նույնիսկ այնպիսի անմեղ զբաղմունքը, ինչպիսին ծաղկաշղթաներ կախելն ու ամանորյա տոնածառի զարդարումն է, կարող են լուրջ վնասվածքների պատճառ դառնալ: Այդ մասին պատմում են կանադացի մասնագետները, որոնք ուսումնասիրել են Սուրբ ծննդի եւ Նոր տարվա նախապատրաստությունների ընթացքում առաջացող վնասվածքների վիճակագրությունը: 

«Վտանգավոր վնասվածքների մեծամասնության պատճառը Նոր տարվա լույսերը կախելու ընթացքում սանդուղքից (65 տոկոս) կամ տանիքից (30 տոկոս) ընկնելն է», - հայտնել են հետազոտողները. նրանք տեղեկություններ են ուսումնասիրել մի քանի տասնյակ հիվանդի վերաբերյալ, որոնք հիվանդանոց էին տեղափոխվել Սուրբ ծննդի առիթով բնակտարածքը զարդարելու ընթացքում ստացած վնասվածքներից: 

Բոլոր տուժածները հիվանդանոց էին տեղափոխվել ամանորյա տոներին նախորդող օրերին, ընդ որում վնասվածքների վիճակագրությունը վերաբերում էր 2002-2012 թվերին: Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ գրեթե յուրաքանչյուր տասներորդ դեպքում (ամբողջ վիճակագրության 12 տոկոսը) վնասվածք ստացած մարդկանց երկարատեւ բուժում է անհրաժեշտ կամ էլ տեղավորում վերականգնողական կենտրոններում:   Եղեւնու ծաղկաշղթաները կախելու ընթացքում ճակատագրական սխալը կարող է նույնիսկ մահվան հանգեցնել:  

«Հիվանդների 20 տոկոսին ստիպված են եղել տեղավորել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ  30 տոկոսի դեպքում վիրահատություն է անհրաժեշտ եղել, հիվանդների 5 տոկոսը ստացված վնասվածքներից մահացել է», - ասել են գիտնականները: 

Տխուր վիճակագրությունը մեկնաբանելով` փորձագետները տեղեկացրել են, որ ամենից հաճախ Նոր տարվա պատրաստության ընթացքում մարդիկ վնասել են գլուխը կամ կրծքավանդակը, երկրորդ տեղում ողնաշարի եւ վերջույթների վնասվածքներն են:  Նախատոնական վնասվածքների ցուցակում հայտնվել են նաեւ դեմքի վնասվածքները, կոնքազդրային հատվածի, թիակի եւ նույնիսկ փայծաղի: