Երաժշտական թերապիան կարող է օգնել թոքերի խրոնիկ հիվանդություններով՝ այդ թվում թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունով (ԹԽՕՀ) մարդկանց ու նրանց ռեաբիլիտացիայի պրոցեսն ավելի արդյունավետ դարձնել: Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի հիվանդանոցի գիտնականները:

ԹԽՕՀ-ն ընդհանուր անվանում է թոքերի մի խումբ խանգարումների՝ այդ թվում էմֆիզեմայի ու մի շարք այլ հիվանդությունների համար: ԹԽՕՀ զոհերը հաճախ են տառապում շնչահեղձությունից, խռռոցից, խրոնիկ հազից, հաճախակի հարբուխներից ու գրիպից, նաեւ կրծքավանդակում ծանրության զգացողությունից:

Հիմա ամերիկացի գիտնականները պարզել են, որ երաժշտությամբ զբաղվելը կարող է արդյունավետ լինել ԹԽՕՀ-ով հիվանդների վերականգնման հարցում ու նրանց դեղամիջոցային բուժումն ավելի արդյունավետ դարձնել:

Թոքերի հիվանդություններով տառապող 68 կամավոր՝ հետազոտության շրջանակում 6 շաբաթվա ընթացքում երաժշտության կանոնավոր պարապմունքների են այցելել: Այդ դասերի ընթացքում նրանք լսել են կենդանի երաժշտություն, զբաղվել դրա վիզուալիզացիայով, փորձել են երաժշտական գործիքներ նվագել ու երգել, նաեւ զարգացրել են դրա համար անհրաժեշտ շնչառական տեխնիկա: Այդ հարցում նրանց օգնել են արտոնագրված երաժշտական թերապեւտները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԹԽՕՀ դեպքում երաժշտության դասերը նպաստում են ավանդական բուժման արդունավետության բարձրացման ու ռեաբիլիտացիային: Ինչն էլ իր հերթին բարձրացնում էր հիվանդների կյանքի որակը ու թույլ էր տալիս նրանց պահպանել ամենօրյա ակտիվությունը: Բացառված չէ, որ ապագայում երաժշտական թերապիան կդառնա թոքերի հիվանդություններով մարդկանց վրա ներգործելու ավանդական մեթոդ: Այս պահին այն ակտիվ օգտագործվում է հոգեկան խանգարումների բուժման նաեւ ընդհանուր ֆիզիկական թուլությունը հաղթահարելու նպատակով:

Այս մասին հայտնել է Respiratory Medicine ամսագիրը: