Բրիտանացի գիտնականները առաջարկել են հասարակ թեստ՝ վաղաժամ մահվան հավանականությունը բացահայտելու համար: Իրենց հետազոտությունների արդյունքները Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի գիտնականները հրապարակել են PLoS ONE ամսագրում, հայտնում է The Daily Mail–ը:

Գիտնականները հայտնաբերել են կապ մարդու թքի մեջ պարունակվող А (IgA) սեկրետորային իմունոգլուբուլինի ու մարդու մահացության, ուռուցքաբանական հիվանդությունների՝ մասնավորապես թոքերի քաղցկեղի զարգացման նկատմամբ նրա հակումի միջեւ: Հետազոտության հեղինակները հավաստիացնում են, որ А (IgA)-ն կարող է լինել վաղաժամ մահվան մարկեր, իսկ թուքի անալիզը ինվազիվ բուժակարգերի՝ մասնավորապես արյան անալիզի այլընտրանք:

Իրենց հետազոտության մեջ գիտնականները հետեւել են 63 եւ բարձր տարեկան 639 մարդկանց՝ 1995-2014 թթ. ժամանակահատվածում: Հեղինակները չափել են А (IgA)–ի սեկրեցիան, առողջության վիճակը ու հետեւել տարեց մարդկանց մահացությանը: Տվյալները ճշգրտվել են հաշվի առնելով տվյալ մարդկանց սեռը, սոցիալական ու բժշկական առանձնահատկությունները:

Իմունոգլոբուլինները արտադրվում են լեյկոցիտների կողմից ու անհրաժեշտ են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համար: Դրանց արտադրությունը պայմանավորված է օբյեկտիվ (ժառանգականություն ու տարիք) ու սուբյեկտիվ (կենսակերպ) գործոններով: Վերջիններս մարդուն թույլ են տալիս վերահսկել IgA–ի ակտիվությունը: Գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները: