Հեպատիտ С-ի հարուցիչով վարակված մարդիկ կարող են Պարկինսոնի հիվանդության բարձր ռիսկի ենթակա լինել, ենթադրում են չինացի հետազոտողները:
Նրանք համապետական հետազոտություն են իրականացրել Թայվանի բժշկական ապահովագրության գիտահետազոտական բազայի տվյալների օգտագործմամբ, որին վարակիչ հիվանդություններով 49 967 մարդ է մասնակցել եւ 199 868 վարակ չունեցող մարդ: Առաջին խումբը երեք մասի է բաժանվել. հեպատիտ В-ի հարուցիչով վարակվածներ (71 տոկոս), հեպատիտ С-ով վարակվածներ (21տոկոս) եւ այլ հարուցիչներով (8 տոկոս):
Ինչպես գրում է Medical News Today-ը, հետազոտությունը ցույց է տվել, որ հեպատիտ С-ով հիվանդների մոտ Պարկինսոնի հիվանդության զարգացման վտանգը 30 տոկոսով ավելի մեծ է, քան նրանց մոտ, որոնք հեպատիտով վարակված չեն եղել: Մասնակիցների դիտարկման ժամանակաշրջանը միջինը 12 տարի է տեւել:
Հեպատիտ С-ն վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը վնասում է լյարդը եւ ի վիճակի է ցիռոզի հանգեցնել: Այն խորամանկ հիվանդություն է համարվում, որովհետեւ հաճախ ընթանում է առանց ախտանիշների եւ մարդը կարող է երկար չկասկածել իր հիվանդության մասին` բաց թողնելով բուժման համար թանկարժեք ժամանակը:






