Բարիատրիկ վիրահատությունները հաճախ ճարպակալումից տառապող մարդկանց համար վերջին հույսն են։ Սակայն այդ վիրահատությունները բացասաբար են անդրադառնում ոսկորների վիճակի վրա եւ 7 անգամ մեծացնում են կոտրվածքների հավանականությունը։ Այս մասին հայտնել է Թայվանի ազգային համալսարանի (National Taiwan University) հետազոտողների խումբը։ Հետազոտությունը, որը ղեկավարել է Կուո Չին Հուանգը, ուսումնասիրել է 2064 հիվանդի, որոնք 2001-2009թթ. բարիատրիկ վիրահատություն են տարել։ Նրանք նաեւ ուսումնասիրել են 5027 մարդու, որոնք նույնպես ճարպակալում ունեն, սակայն վիրահատության չեն ենթարկվել։ Պարզվել է, որ վիրահատություն տարած հիվանդների մոտ դրանից հետո 5 տարվա ընթացքում կոտրվածք ստանալու ռիսկը 21 տոկոսով ավելի մեծ է։
Կոտրվածքները հաճախ են հանդիպել նրանց մոտ, ովքեր ենթարկվել են սննդի յուրացումը կանխող վիրահատության (ըստ երեւույթին, նրանց մոտ վատ է յուրացվել կալցիումը)։ Նման հիվանդների մոտ կոտրվածքների ի հայտ գալու հավանականությունը մեծանում է 47 տոկոսով, եւ այդ ռիսկը բարձր է մնում վիրահատությունից հետո 12 տարվա ընթացքում։
Բարիատրիկ վիրահատությունները ճարպակալում ունեցող մարդկանց օգնում են նիհարել եւ նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի եի հիպերտոնիայի առաջացման վտանգը։ Սակայն մասնագետները հիշեցնում են, որ այդ վիրահատությունները բացասական կողմ ունեն։ Նրանք բժիշկներին խորհուրդ են տալիս հիվանդներին վիտամին D եւ կալցիում նշանակել ոսկորների ամրացման համար։ Պետք չէ մոռանալ նաեւ ֆիզիկական վարժությունների եւ արեւի լույսի մասին, որն օգնում է վիտամին D արտադրել:






