Վիտամին D-ի պակասը վտանգավոր է ոչ միայն սրտի ու սեռական համակարգի, այլեւ ոսկորների առողջության համար: Սակայն ինչպես հավաստիացնում են շվեյցարացի գիտնականները, այդ վիտամինի ավելցուկը նվազ վտանգավոր չէ ոսկորների համար: Տարեց մարդկանց կողմից այդ վիտամինի մեծ քանակության գործածումը ավելացնում է կոտրվածքների հավանականությունը, հավաստիացնում են գիտնականները:

Հայկե Բիչոֆ ֆերարին ու նրա գործընկերները Ցյուրիխի համալսարանից պարզել են, որ այդ վիտամինի ավելցուկը խախտում է տարեց մարդկանց շարժումների կոորդինացիան, ինչի հետեւանքով մարդիկ ավելի հաճախ են ընկնում ու ավելի հաճախ են վնասվածքներ ու կոտրվածքներ ստանում:

JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 70 տարեկանից մեծ 200 տղամարդու ու կնոջ: Առաջին խմբում ընդգրկված կամավորականները ընդունել են ամսական 24 000 ՄԵ վիտամին D, երկրորդ խմբի անդամները՝ 60 000, իսկ երրորդ խմբինը՝ ոչ միայն 24 0000 ՄԵ վիտամին D, այլեւ կալցիֆեդիոլ, որը պարունակում է վիտամին D-ի ածանցյալներից մեկը:

Հետազոտության մասնակիցներին վիտամին D -ի ընդունման ավարտից հետո մեկ տարի հետեւել են: Պարզվել է, որ մարդիկ որոնք վիտամինի ավելի քիչ քանակություն էին ընդունել, շատ ավելի հազվադեպ են ընկել (47.9 տոկոս), քան նրանք, որոնք դրա բարձր չափաբաժին էին ստացել (66.9 տոկոս) կամ էլ վիտամին D -ն համատեղել էին կալցիֆեդիոլի հետ (66.1 տոկոս):

Սակայն քննադատները շեշտում են, որ այս հետազոտությունը այդքան էլ հավաստի չէ, քանի որ դրանում չկա հսկիչ խումբ, որի մասնակիցները առհասարակ չեն ընդունել վիտամին D: