Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ոչ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: 

«Սննդակարգում ճարպերի քանակության նվազումը չի օգնում նիհարելուն», - ասել է տվյալ նախագծի առաջատար մասնագետ դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը: Նրա համոզմամբ, այն սնունդը, որում ճարպի բավարար քանակություն չկա, հանգեցնում է ճարպային զանգվածի կուտակման  եւ պահպանման: 

Լյուդվիգի դիտարկումները ցույց են տվել, որ ճարպերի անբավարար քանակի պարագայում օրգանիզմը սկսում է ապրել այնպիսի ռեժիմով, որում սկսում է  էներգիա խնայել եւ օրական սովորականից  300-325 կալորիա պակաս այրել: Հարվարդից դիետոլոգի խոսքով, նման եղանակով դրսեւորվում է յուրաքանչյուր մարմնին հատուկ էվոլյուցիոն մեխանիզմը, որը մեր հեռավոր նախնիներին հնարավորություն էր տալիս վերապրել սննդի պակասի ժամանակահատվածները: 

Մարդկանց ժամանակակից սերունդների մոտ այդ մեխանիզմը հաճախ չափից շատ ուտելու ձգտում է առաջացնում: 

«Ժամանակակից մարդը տառապում է քաղցի զգացումից եւ անընդհատ պայքարում է համեղ սննդի գայթակղությունների դեմ: Վաղ թե ուշ կամքը թուլանում է, եւ մարդը քաղցրեղենից պոկվելով ճարպոտ սննդի է անցնում, որովհետեւ նրան հենց դա էր պակասում», - բացատրել է դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը: 

Հարվարդից մասնագետը օպտիմալ է համարում ամենաօրյա սննդակարգը, որը չի սահմանափակում մսի, պանրի, սերուցքի եւ ընկույզի տեսքով ճարպերի ընդունումը, բայց բացառում է պարզ ածխաջրերը, մասնավորապես` շաքարը, սպիտակ հացը, մակարոնեղենը, բրինձը:  Սննդի մեջ նման սկզբունք պահպանող մարդկանց մոտ անհամեմատ ավելի բարձր են սլացիկ մարմին եւ լավ առողջություն ունենալու շանսերը, քան նրանց մոտ, ովքեր նման ճարպեր չունեն, վստահ է փորձագետը: