Կղկղանքի փոխպատվաստումն ընդամենը հնչում է սարսափելի: Իրականում հիվանդները ստիպված են լինում սառեցված արտաթորանք պարունակող պատիճներ ընդունել, ինչը հանգեցնում է աղիքային միկրոբիոմի փոփոխմանը: Վերջերս կղկղանքի փոխպատվաստումն ավելի ու ավելի ժողովրդական է դառնում, չէ՞ որ դրա օգնությամբ հնարավոր է պայքարել մի շարք աղիքային վարակների եւ փորկապության դեմ: Նման փոխպատվաստումները կարող են նաեւ քաշի պակաս ունեցող մարդկանց օգնել քաշ հավաքել:
Սառեցված արտաթորանքներով դեղահաբերը կարո՞ղ են օգնել ճարպակալմամբ տառապող մարդկանց: Բժիշկ Էլայն Յուն եւ իր գործընկերները Մասաչուսեցի գլխավոր հիվանդանոցից պատրաստվում են գտնել այդ հարցի պատասխանը:
Նրանց ծրագրած փորձարկմանը ճարպակալմամբ տառապող 20 հիվանդ կմասնակցի: 12 շաբաթվա ընթացքում մասնագետների մի խումբ պատիճներում սառեցված արտաթորանք կընդունի, իսկ մյուսը` պլացեբո: Նրանք բոլորը կշարունակեն իրենց սովորական կենսակերպը` չփոխելով ոչ սննդակարգը, ոչ ֆիզիկական ակտիվության մակարդակը: Հետազոտության մասնակիցներին կհետեւեն մեկ տարի շարունակ եւ կանոնավոր կերպով արտաթորանքի նմուշներ կվերցնեն միկրոբիոմի ուսումնասիրման համար:
Հեղինակները բացատրում են, որ առայժմ չգիտեն, թե ինչպիսին կլինեն փորձարկման արդյունքները: Սակայն հույս ունեն, որ արտաթորանքներով դեղահաբերի եւ միկրոբիոմի այն փոփոխությունների շնորհիվ, որոնց կհանգեցնեն դրանք, կփոխվի ոչ միայն ճարպակալմամբ հիվանդների քաշը, այլեւ մարմնի ճարպային զանգվածը, ինչպես նաեւ ինսուլինի նկատմամբ զգայունությունը:






