Ճարպակալումն այսօր արդեն շատ երկրներում առողջապահության ոլորտում լրջագույն խնդիրների պատճառ է դարձել: Cancer Reserch UK-ի եւ UK Health Forum-ի մասնագետների կարծիքով, 2035-ին 4 չափահասից 3-ը ճարպակալում կունենա կամ էլ ավելորդ քաշի զգալի քանակություն: Դա կհանգեցնի նրան, որ առաջիկա 20 տարվա ընթացքում միայն Մեծ Բրիտանիայում քաղցկեղի 700 000 նոր դեպք կգրանցեն եւ 2-րդ տեսակի շաքարախտի 4.6 մլն նոր դեպք:
Գիտնականներն ահազանգ են հնչեցնում, որ եթե իրավիճակը վերահսկողության տակ չառնվի, մոտ ապագայում քաղցկեղով տառապող գեր մարդը նորմա կդառնա:
Փորձագետները հաշվարկել են, որ սննդի մեջ հենց միայն շաքարի քանակի նվազումը կօգնի զգալիորեն նվազեցնել շաքարախտով հիվանդացումը: Այդ նպատակով առաջարկվում է նվազեցնել գազավորված ըմպելիքներում շաքարի թույլատրելիության նվազագույն չափը (այժմ մեկ թիթեղյա տարայում կարող է 7-8 թեյի գդալ շաքար լինել): Գիտնականները նշել են նաեւ Մեքսիկայի փորձը ճարպակալման դեմ պայքարում, որտեղ օրենսդրորեն սահմանափակել են քաղցր ըմպելիքների եւ արագ սննդի վաճառքը` բարձրացնելով դրանց վրա դրված հարկերը:
Անհրաժեշտ է պայքարել նաեւ աղի սննդամթերքի արտադրողների հետ, կարծում են մասնագետները: Բրիտանացիները մտադիր են հասնել վնասակար սննդամթերքի գովազդի լիակատար արգելման եւ առողջ կենսակերպի լայնամասշտաբ քարոզչություն ձեռնարկել:
Գիտնականները նաեւ հիշեցնում են, որ ճարպակալման դեմ պայքարը պիտի իրականացվի ոչ միայն պետության մակարդակում, այլեւ յուրաքանչյուր կոնկրետ մարդու: Դեպքերի մեծ մասում քաշ կորցնելուն օգնում է սննդի եւ ֆիզիկական ակտիվության պարզ փոփոխությունը: Իսկ քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցման համար արժե մտածել ծխելուց եւ ալկոհոլից հրաժարվելու մասին:
Մասնագետները նաեւ հաշվարկել են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց թվի 1 տոկոսով նվազումը կկանխի քաղցկեղի 64 000 նոր դեպքի ի հայտ գալը եւ կօգնի հարյուրավոր միլիոններ խնայել:






