Որոշ մարդկանց չարության եւ ագրեսիվության պատճառը բոլորովին էլ նրանց վատ դաստիարակությունը չէ, այլ ուղեղի չափերը: Չիկագոյի համալսարանի գիտնականները նկատել են, որ անձի անկայուն հուզական խանգարմամբ մարդիկ (Intermittent Explosive Disorder, IED) մոխրագույն նյութի անհամեմատ ավելի փոքր ծավալ ունեն գլխուղեղի այն հատվածներում, որոնք կապված են հուզական պահվածքի հետ:
Biological Psychiatry: Cognitive Neuroscience and Neuroimaging ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները IED-ով տառապող 168 մարդու ՄՌՏ-ի սկաններ են հավաքել, ինչպես նաեւ 58 մարդու, որոնք նման խանգարում չունեն: Այդ լուսանկարների համադրումն ուղիղ կապ է ի հայտ բերել ագրեսիվ պահվածքի պատմության եւ ուղեղում մոխրագույն նյութի ծավալի մակարդակի նվազման հետ:
«IED-ն ավելի տարածված է, քան երկբեւեռ խանգարումն ու շիզոֆրենիան միասին վերցրած, եւ այդ կապակցությամբ շատ գիտնականներ ենթադրում էին, որ իմպուլսիվ ագրեսիան ընդամենը «վատ պահվածք է», որը «վերաբերմունքի փոփոխություն» է պահանջում, - ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Էմիլ Կոկարոն: Սակայն մեր ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ IED-ը ուղեղի խանգարում է, ոչ թե անձի խնդիր»:
Հետեւաբար, չարության եւ ագրեսիայի հաճախակի բռնկումներով մարդկանց անհրաժեշտ է մարդկային ուղեղի հարցում մասնագիտացած բժիշկների մասնագիտական օգնություն, եզրակացրել են գիտնականները:






