Բնական բաղադրիչը, որը հանդիպում է կաթնամթերքում, կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները եւ գերմանրէները` հակաբիոտիկների դեմ կայուն մանրէները: Խոսքը նիզին սպիտակուցի մասին է, որը կաթի կտրվելու եւ պանրի ու այլ կաթնամթերքի հասունանալու ընթացքում արտադրվում է  Lactococcus lactis կաթնամանրէների կողմից եւ սննդային բնական կոնսերվանտի դեր է խաղում: 

Միչիգանի համալսարանի Ատամնաբուժության դպրոցի հետազոտողներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ նիզինն ի վիճակի է ոչնչացնել գլխի եւ վզի չարորակ ուռուցքների բջիջները:  Մկների օգտագործմամբ 9 շաբաթ տեւած փորձարկումն ապացուցել է դա:

Հետազոտողները պարանոցում եւ գլխում ուռուցքներ ունեցող առնետների սննդակարգին հատուկ  «կաթնային կոկթեյլ» են ավելացրել նիզինի մեծ չափաբաժնով    (մեկ կգ-ին 800 մգ), որը մոտավորապես 25-30 անգամ գերազանցում էր պանրում եւ այլ կաթնամթերքում առկա նորման:  9 շաբաթ անց գիտնականները հայտնաբերել են, որ նիզինի օգտագործումը հանգեցրել է չարորակ բջիջների   70-80 տոկոսի ոչնչացմանը եւ զգալիորեն նվազեցրել է ուռուցքների չափը: Դրա շնորհիվ կրծողները կարողացել են ավելի երկար ապրել: 

Գիտնականները նաեւ պարզել են, որ նիզինը գործուն է մի շարք պաթոգեն մանրէների դեմ պայքարում, որոնք վերջին տասնամյակների ընթացքում գործնականում անխոցելի են դարձել հակաբիոտիկների ազդեցության համար: 

Առայժմ հետազոտություններ են անցկացվել միայն կենդանիների վրա եւ դեռ հայտնի չէ, թե արդյոք նիզինը նման ազդեցություն կունենա մարդու վրա: Սակայն արդյունքները խոստումնալից են թվում: 

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Journal of Antimicrobial Chemotherapy գիտական ամսագրում: