Գիտնականները վաղուց էին կապ հայտնաբերել էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սրտային խնդիրների միջեւ, սրտի նորմալ աշխատանքի, ինչպես նաեւ էրեկցիայի համար արյան նորմալ շրջանառություն է անհրաժեշտ: Այժմ Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հակաօքսիդանտներով հարուստ սննդամթերքի օգտագործումը դրական է ազդում տղամարդու ոչ միայն սիրտ-անոթային համակարգի, այլեւ սեռական գործառույթի վրա:
Էդին Կասիդիի ղեկավարած հետազոտական խումբը տասը տարի շարունակ հետեւել է 25 000 տղամարդու առողջությանը: Փորձարկման բոլոր մասնակիցները կանոնավոր կերպով տեղեկություններ են տրամադրել իրենց առողջության, սննդի, կենսակերպի, ինչպես նաեւ էրեկցիայի խանգարումների վերաբերյալ:
Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով միրգ են կերել, էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ռիսկը նվազել է 14 տոկոսով: Իսկ եթե սննդում առկա էին մրգեր, որոնք առանձնանում էին հակաօքսիդանտի մեծ պարունակությամբ (ելակ, կապույտ հապալաս, խնձոր եւ ցիտրուսայիններ), էրեկցիայի խնդիրների զարգացման հավանականությունը նվազում էր մինչեւ 19 տոկոս: Ինչպես նշել է բժիշկ Կասիդին, անհրաժեշտ էֆեկտի ստացման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ ամբողջ օրը միրգ ուտել. շաբաթվա ընթացքում նույնիսկ մի քանի չափաբաժինը դրականորեն է ազդում տղամարդու սեռական համակարգի վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւս էական դեր է խաղում. այն տղամարդկանց մոտ, որոնք շատ միրգ են ուտում, ինչպես նաեւ կանոնավոր կերպով սպորտով են զբաղվում, էրեկցիայի խնդիրներ անհամեմատ ավելի քիչ են զարգանում:






