Հանգստյան օրերին երկար քնել սիրող մարդկանց մոտ 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկն էականորեն ավելի ցածր է, քան նրանց, ով փորձում է ընդունված ռեժիմով ապրել եւ նույնիսկ կիրակի օրերին վաղ վեր կենալ:  Նախկինում համարվում էր, որ հանգստյան օրերին երկարատեւ քունը վնաս է առողջությանը, սակայն Չիկագոյի համալսարանի գիտնականների խումբը Ջոսթին Բրուսարդի ղեկավարությամբ հերքել է այդ կարծիքը: 

Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին 19 տղամարդ է մասնակցել: Նրանցից ոչ մեկը չի տառապել դիաբետով կամ որեւէ այլ խրոնիկական հիվանդությամբ: Փորձարկման սկզբում 4 օր նրանք բոլորը 8,5 ժամ էին քնում, իսկ հաջորդ չորս օրերի ընթացքում` ընդամենը 4,5 ժամ: Դրանից հետո նրանց թույլ է տրվել իրենց քունն առնել եւ քնի միջին տեւողությունը կազմել է մոտ 9,7 ժամ:

Հետազոտողները վերլուծել են ինսուլինի հանդեպ կամավորների զգայունությունը, ինչպես նաեւ դիաբետին կանխատրամադրվածության ինդեքսը, որը այդ հիվանդության զարգացման ռիսկ էր մատնանշում: Պարզվել է, որ քիչ քնելը հանգեցրել է ինսուլինի հանդեպ զգայունության 23 տոկոս նվազման եւ 16 տոկոսով մեծացրել է շաքարախտի զարգացման ռիսկը: Երբ փորձարկման մասնակիցները քնել են, այդ ցուցիչները վերադարձել են նորմայի սահմաններին:

Իմիջիայլոց, հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն իրականացվել է փոքր ընտրանքով, իսկ ստացված տվյալների հաստատման համար ավելի լայնածավալ հետազոտություններ են անհրաժեշտ: