Դաշտանադադարի մոտեցմանը զուգահեռ կանանց միգրեններն ուժեղանում են եւ ավելի հաճախակի են ի հայտ գալիս, պնդում են Headache: The Journal of Head and Face Pain ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:
«Կանայք բժիշկներին բողոքում են, որ իրենց գլխացավերը ծանրանում են դաշտանադադարի մոտեցմանը զուգահետ, եւ այժմ մենք ունենք դրա բացատրությունը», - ասել է Ցինցինատիի համալսարանի Նյարդագիտական ինստիտուտի պրոֆեսոր Վինսենթ Մարտինը` հետազոտության հեղինակներից մեկը:
«Դաշտանադադարի ընթացքում կանացի այնպիսի հորմոնների հաշվեկշռի փոփոխությունը, ինչպիսիք են էստրոգենն եւ պրոգեստերոնը, կարող է գլխացավեր առաջ բերել, որոնք կհաճախանան այդ ժամանակահատվածի ընթացքում», – բացատրել է Ռիչարդ Լիպտոնը (Մոնտեֆիորեի Գլխացավի կենտրոնից եւ Բժշկության Ալբերտ Էյնշտեյն քոլեջից):
Հետազոտողների խումբը հետեւել է 35-65 տարեկան 3664 կնոջ, որոնք դաշտանադադարի ընթացքում միգրենից են տառապել: Դաշտանադադարը սկսվում է, երբ կինը մեկ տարի շարունակ ամսականներ չի ունենում: Նրա մոտ այնպիսի ախտանիշներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են ջղագրգռությունը, դեպրեսիան, անքնությունը: Կանանց առաջարկել են մատնանշել գլխացավերի հաճախությունը, ինչպես նաեւ դաշտանային ցիկլերի բնութագիրը:
Գիտնականները նկատել են, որ գլխացավերը հաճախ ի հայտ են գալիս նախադաշտանադադարի վերջին փուլում, երբ նվազում է էստրոգենի հորմոնի մակարդակը: Այն կանայք, որոնք մասնակցել են հետազոտությանը, հաղորդել են, որ դաշտանադադարի ընթացքում իրենց մոտ միգրենի հաճախությունն ավելացել է 76 տոկոսով:
Սակայն հորմոնային փոփոխությունները դաշտանադադարի ընթացքում գլխացավերի ծանրացման միակ պատճառը չեն: Տարիքի հետ շատ կանանց հոդերում եւ թիկունքում ցավեր են ի հայտ գալիս, եւ ցավազրկողների չափազանց շատ օգտագործումն իր հերթին կարող է գլխացավի հանգեցնել:
Շատ մասնագետների կարծիքով, հորմոնափոխարինիչ թերապիան կարող է կանանց օգնել` հաղթահարելու ոչ միայն գլխացավը, այլեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս դաշտանադադարի ընթացքում:






