«Բարձր կարգի սպիտակ ալյուր». ընդամենը բարձրագոչ բառեր են: Իրականում նման ալյուրում գործնականում բացակայում են օգտակար նյութերը, վիտամիններն ու ցանցենին, որոնք առկա են ամբողջական ցորենից ալյուրի մեջ: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, ամբողջական ցորենից հացը, ի տարբերություն մեզ համար սովորական սպիտակ հացի, լիովին օգտակար է առողջության եւ մասնավորապես` մարսողության համար:
Ամբողջական ցորենից ալյուրում, որից թեփը չեն հեռացրել, պարունակվում են օրգանիզմի համար անհրաժեշտ C, E, B5, D եւ P վիտամիններ, ինչպես նաեւ յոդի, լուսնածնի, կալիումի, քրոմի, երկաթի եւ կալցիումի միկրոտարրեր: Նման ալյուրի մեջ պարունակվող բջջանյութը օգնում է կարգավորել աղիքների աշխատանքը եւ կանխարգելում է փորկապությունը: Ամբողջական ցորենից ալյուր ստանալն անհամեմատ ավելի հեշտ է, քան սպիտակը. վերջինս ավելի մանրամասն վերամշակում է պահանջում, որի ընթացքում դրանում առկա բոլոր օգտակար նյութերը կորում են:
Սակայն, չնայած, թվում է, թե ավելի ցածր ինքնարժեքին, Հայաստանում ամբողջական ցորենից հացն ավելի թանկ է, քան սպիտակ հացը, իսկ ամբողջական ցորենի կամ նույնիսկ այսպես կոչված երկրորդ կարգի ալյուր գտնելը մեծ խնդիր է. խանութների մեծամասնությունը միայն առաջին կամ բարձր կարգի սպիտակ ալյուր է վաճառում, որը զուրկ է թեփից եւ բոլոր օգտակար նյութերից:
Գաստրոէնտերոլոգի կարծիքով, ամբողջական ցորենից հացի նկատմամբ նման քաղաքականությունը բացասական հետեւանքներ ունի բնակչության առողջության վրա: Շատ մարդկանց ամբողջական ցորենից հացը պակաս համեղ եւ գրավիչ է թվում, քան սպիտակ հացը, այդ պատճառով նրանք շատ հազվադեպ են գնում այն, չնայած ամբողջական ցորենից հացը կարող էր նրանց օգնել լուծելու, օրինակ, փորկապության կամ օրգանիզմում միկրոտարրերի պակասի խնդիրը: Այդ հացի բարձր գինն ավելի է նվազեցնում նրա գրավչությունն ու ժողովրդականությունը:
Հայկ Մանասյանի կարծիքով, Հայաստանի բնակչության առողջության համար անհամեմատ ավելի լավ կլիներ, եթե ամբողջական ցորենից հացը վաճառեին ավելի մատչելի գնով (հաշվի առնելով, որ ամբողջական ցորենից ալյուրի ինքնարժեքը սպիտակ ալյուրի ինքնարժեքից ցածր է, նման ալյուրից հացը պիտի անհամեմատ ավելի ցածր գին ունենա): Ավելին, մասնագետի կարծիքով, համարժեք գնով նման հացի վաճառքը կարող էր խանութների համար հրաշալի գովազդ լինել. դրանք իրենց կներկայացնեին որպես կազմակերպություն, որը հոգ է տանում մարդկանց առողջությանը եւ օգտակար բան է վաճառում նրանց համար ընդունելի գնով:






