Չնայած բժշկության ակտիվ զարգացմանը, գիտնականները դեռեւս պատասխաններ չունեն մեր ուղեղին եւ նրա աշխատանքին վերաբերող շատ հարցերի: Օրինակ, մեր օրգանիզմ մտնող թթվածնի մոտ 20 տոկոսը հենց ուղեղն է օգտագործում, բայց ինչպես, ինչու եւ ինչի վրա` անհայտ է:
Այժմ սակայն Ջեյմս Կոզլոսկին եւ IBM ընկերության Թոմաս Ուոթսոնի Հետազոտական կենտրոնի նրա գործընկերները (IBM's Thomas J. Watson Research Centre) պնդում են, թե իրենց հաջողվել է նոր տվյալներ ստանալ ուղեղի աշխատանքի մասին:
Կոզլոսկիի խոսքով, ուղեղը շատ էներգիա է ծախսում այն համակարգերի աշխատանքի ապահովման համար, որոնք թույլ են տալիս ընկալել եւ գնահատել շուրջը տեղի ունեցողը: Գիտնականի կարծիքով, ուղեղում գոյություն ունի այսպես կոչված «մեծ հանգույց», որի կազմի մեջ մի քանի ազդանշանային ուղի է մտնում, որոնք անընդհատ ակտիվանում են, նույնիսկ հանգստի վիճակում:
Հենց այդ պատճառով ուղեղը հսկայական քանակությամբ էներգիա է ծախսում նույնիսկ այն դեպքում, եթե ոչ մի խնդիր չի լուծում (օրինակ` մաթեմատիկական) եւ առաջին հայացքից առանձնահատուկ ոչնչով զբաղված չէ: Այլ խոսքով ասած, «ուղեղին մեծ քանակությամբ էներգիա է անհրաժեշտ ուղղակի ոչինչ չանելու համար», - բացատրել է Կոզլոսկին:
Գիտնականը մաթեմատիկական մոդել է մշակել, որն արտացոլում է ուղեղում նեյրոնների ակտիվացման գործընթացը: Այն գործառնական ՄՌՏ-ի արդյունքների վերլուծության հետ համադրելով` հնարավոր է շատ օգտակար տեղեկություններ ստանալ ուղեղի աշխատանքի եւ նրա առանձին հատվածների հակազդեցությունների վերաբերյալ, համարում է հեղինակը:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Frontiers in Neuroanatomy ամսագիրը:






