Ամերիկյան Բալթիմոր քաղաքում Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները շատ փոքր ուղեղներ են ստեղծել, որոնց չափը չի գերազանցում միջատի աչքի չափերը եւ որոնք մարդկային ուղեղի նեյրոններ եւ բջիջներ են պարունակում: Մարդու մինի-ուղեղները էլեկտրական ակտիվության ապացույցներ են տվել, որոնք հնարավոր է չափել:
Այդ օրգանների ստեղծողների կարծիքով, մոտ ապագայում գիտությունը հնարավորություն կստանա լաբորատոր պայմաններում Ալցհայմերի եւ Փարքինսոնի հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցների փորձարկման համար փոքրագույն ուղեղների զանգվածային արտադրություն հիմնել: Տվյալ օրգանները թույլ կտան համոզվել դեղամիջոցների անվտանգության եւ արդյունավետության մեջ, եւ գիտնականները կարիք չեն ունենա դեղերի գործունեությունը ստուգել կենդանիների վրա, որոնց ուղեղի բջիջները բոլորովին էլ այնպես չեն հակազդում, ինչպես մարդկայինները:
Հետազոտողները հիշեցնում են, որ դեղամիջոցների 95 տոկոսը, որը, կենդանական մոդելների վրա փորձարկվելով խոստումնալից է թվում, անարդյունավետ է դուրս գալիս մարդու վրա ստուգվելիս, ինչը ժամանակի եւ միջոցների շատ մեծ վատնման պատճառ է դառնում: Չնայած լաբորատոր առնետներն օգնում են դեղամիջոցներ փորձարկել, մարդկային օրգանիզմը զգալիորեն տարբերվում է կրծողների օրգանիզմներից: Այդ պատճառով մարդկային ուղեղի պատճենի վրա փորձերն ավելի վստահելի կարող են լինել:
Տվյալ օրգանները ստեղծողները պատմել են, որ իրենց մանրագույն ուղեղները սկսել են նույնիսկ մտածողության պարզագույն տարատեսակ դրսեւորել: Դա առանձնակի իմաստ չունեցող էլեկտրական ակտիվություն է, բայց միեւնույն է` նեյրոնները փորձում են իրար հետ կապերի մեջ մտնել:






