Լատվիական օրգանական սինթեզի ինստիտուտի քիմիայի դոկտոր  Պավել Արսենյանը լուսնածնի հիմքի վրա հակաքաղցկեղային բացառիկ միացություն է մշակել. այդ նյութի նույնիսկ փոքր չափաբաժինը ծայրաստիճան թունավոր է:  

Գիտնականը քսան տարի շարունակ միջոց է փնտրել նյութի անվտանգ միացություն գտնելու համար եւ վերջապես կարողացել է երկու ճիշտ տարբերակ հայտնաբերել. տարրերի մի համադրությունը արգելակում է ուռուցքի աճը, իսկ երկրորդը դադարեցնում է  մետաստազները. թույլ չի տալիս, որ ուռուցքը տարածվի: 

Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է պայքարել ուռուցքի հետ սկզբնական փուլում` վիրահատության կամ քիմիաթերապիայի միջոցով, սակայն նման բուժումը   չի ապահովագրում մետաստազների առաջացումից, բացի այդ, քիմիաթերապիան լուրջ վնաս է հասցնում օրգանիզմին: Իսկ նոր դեղամիջոցը, մշակողների  կարծիքով, ոչ մի լուրջ երկրորդական հետեւանք չունի:  

Նոր նյութը, որը ստեղծվել է գիտնականների կողմից, արդեն փորձարկվել է մաշկի եւ կրծքի ագրեսիվ քաղցկեղով հիվանդ մկների վրա: Գիտնականները գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք են ստացել: 

Լուսնածնի (սելեն) հիմքի վրա ստեղծված նյութը պոտենցիալ ակտիվ նյութ են համարում, որն ի վիճակի է աշխարհում լրջորեն փոխել քաղցկեղի դեմ պայքարը: Սակայն որպեսզի մշակումն իսկական դեղի վերածվի, դեռեւս մոտավորապես տասը տարի կպահանջվի: Նյութը դեռեւս բազմաթիվ փորձարկումներ պիտի անցնի եւ, ինչը պակաս կարեւոր չէ, կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա:  Այդ ամենի համար գիտնականներին  300 մլն-ից մինչեւ մեկ մլրդ դոլար կպահանջվի, որը դեռեւս պիտի գտնեն: