Մասնագետները գնալով ավելի հաճախ են ճարպակալումն իսկական համաճարակ անվանում, որը սպառնում է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքին եւ առողջությանը: Ճարպակալման եւ դրա հետեւանքների դեմ պայքարի լավագույն միջոցը մարդկանց առողջ կենսակերպ վարելու եւ սպորտով զբաղվելու մղելն է: 

Փենսլիվանիայի համալսարանի Բժշկության դպրոցի մասնագետների կարծիքով, ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ որոշ մարդկանց համար մարզվելու միակ խթանը կարող է լինել գումար կորցնելու վտանգը: Եթե մարզումներից հրաժարվելը նրանց փող արժենա, նրանք գնալով ավելի հաճախ կմարզվեն եւ կջանան օրվա ընթացքում ավելի ակտիվ լինել: Այդ պատճառով մասնագետները մտածում են, որ ճարպակալմամբ մարդկանց նկատմամբ չմարզվելու դեպքում տուգանքներ կիրառելը կարող է բավականին լավ միտք լինել: 

Վերոհիշյալ գիտնականները հետազոտություն են իրականացրել` ցանկանալով պարզել, թե ինչը կարող է ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց ստիպել, որ մարզվեն:  Հետազոտության շրջանակում 281 կամավոր պիտի օրական սովորական  5000 քայլի փոխարեն սկսեր 7000 քայլ կատարել, այսինքն` 40 տոկոսով ավելի: Կամավորներին  4 խմբի են բաժանել. առաջին խումբը ոչ մի ֆինանսական խթան չի ստացել, երկրորդ խմբի անդամներին օրական 1.40 դոլար են տվել, երբ նրանք արել են անհրաժեշտ  7000 քայլը (ամսական 42 դոլար է ստացվում): Երրորդ խմբի մասնակիցները անհրաժեշտ քանակությամբ քայլեր անելով` մասնակցել են վիճակախաղի եւ օրական կարող էին միջինը մոտ  1.40 դոլար շահել: Չորրորդ խմբի մասնակիցներից գիտնականները 1.40 դոլար էին վերցնում այն օրերին, երբ նրանք չէին անում 7000 քայլ (ամսվա սկզբին նրանց տալիս էին 42 դոլար եւ փողը հանում էին այդ գումարից):

Պարզվել է, որ առաջին երեք խմբի արդյունքները միանման էին,. ստացվում է, որ այնքան էլ արդյունավետ չէ մարդուն որեւէ բան անելու համար պարգեւ առաջարկելը: Միայն 30-35 տոկոս դեպքերում էին խմբի մասնակիցներն անում քայլերի անհրաժեշտ քանակությունը: Սակայն այն խմբում, որտեղ ենթակա էին փող կորցնելու վտանգին, մասնակիցների   45 տոկոսն էր կատարում նորման, այսինքն` գրեթե կեսը:

Հենց դա էլ գիտնականներին ստիպել է եզրակացնել, որ փող կորցնելու վախը կարող է ավելի հաջող խթան լինել, քան պարգեւներն ու մոտիվացիայի այլ տեսակները: