Բժիշկ Ուիլյամ Ֆիսսելլ IV-ը եւ իր գործընկերները Վանդերբիլտի համալսարանի Բժշկական կենտրոնից աշխատում են մի քանի ֆիլտրով եւ դրան միացված միկրոչիպերով արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ: Նման երիկամի շնորհիվ մի քանի հիվանդությամբ հիվանդները կազատվեն կանոնավոր դիալիզի անհրաժեշտությունից:
Արհեստական երիկամը կենսահիբրիդային սարք կլինի, որն իր մեջ կներառի միկրոչիպեր եւ կենդանի բջիջներ: Ալյումինե տարայի չափ ունեցող արհեստական երիկամն իր աշխատանքի համար էներգիա կստանա հիվանդի սրտից: Ինչպես բացատրել է բժիշկ Ֆիսսելլը, սարքը կնմանակի իսկական երիկամի աշխատանքը եւ արյունը կմաքրի ավելորդ աղից եւ այլ նյութերից: Իսկ միկրոչիպը ոչ միայն արյան մաքրման գործառույթ կիրականացնի, այլեւ կորոշի, թե որ կենդանի բջիջները պիտի աշխատեն եւ որոնք` հանգստանան:
Առայժմ սարքը ստուգում է անցնում լաբորատոր պայմաններում. հետազոտողներն ուսումնասիրում են, թե արյունն ինչպես է անցնում ֆիլտրերով եւ փորձում են կանխել արյան թանձրուկների հնարավոր առաջացումը:
Գիտնականները ենթադրում են, որ միկրոչիպերով զինված սիլիցիումե ֆիլտրերի առաջին փորձարկումները հիվանդների վրա հնարավոր կլինի սկսել 2017-ի վերջին: Այժմ արդեն հեղինակները կամավորներին խումբ են հավաքում, որոնք պատրաստ են փորձարկել սարքը:






