Սուլֆորաֆեն միացությունը, որն առկա է բրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Այդ մասին տեղեկացնում են  Oregon Health and Science University-ի եւ Oregon State University-ի (OSU) գիտնականները:

Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը: 

Վերոհիշյալ գիտնականների իրականացրած հետազոտությանը  մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Նրանցից ոմանք պլացեբո էին ընդունում, ուրիշները սուլֆորաֆանի որոշ քանակություն էին ստանում, որը մոտավորապես հավասար է օրական մեկ գավաթ բրոկկոլիի:  Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն իրոք դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը: 

«Մեր արդյունքները հուսադրում են: Եթե քաղցկեղի պարագայում դիետիկ մոտեցումներն ավանդաբար սահմանափակվում են տվյալ հիվանդության կանխարգելմամբ, նոր տվյալները մատնանշում են, որ ճիշտ սնունդը  կարող է օգնել նաեւ դանդաղեցնել արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը», - նշել են մասնագետները:

Այդ հետազոտության մասին պատմում է  Cancer Prevention Research ամսագիրը: Այն իրականացրել են National Institute of Environmental Health Sciences-ի, National Cancer Institute-ի եւ National Institutes of Health-ի օգնությամբ: