Երկար տարիներ գիտնականները համոզված էին, որ մերկ հողափորները, որոնք Աֆրիկայում ապրող կրծողներ են, քաղցկեղով չեն հիվանդանում: Վաշինգթոնի համալսարանի Բժշկության դպրոցի հետազոտողներին սակայն հաջողվել է այդ բացառիկ կենդանիների մոտ քաղցկեղի երկու դեպք նկարագրել:
Բրուքֆիլդի գազանանոցի 22 տարեկան մերկ հողափորի մոտ ադենոկարցինոմա է հայտնաբերվել: Մյուս կենդանու մոտ, որն ապրում էր Վաշինգթոնի Ազգային գազանանոցում, ախտորոշել էին ստամոքսի քաղցկեղ:
Քաղցկեղի հանդեպ այս արարածների կայունությունը բոլոր այս տարիներին ուշադրություն էր հրավիրում նրանց վրա: Սակայն այն փաստը, որ նրանք այնուամենայնիվ հիվանդանում են քաղցկեղով, թեկուզեւ շատ հազվադեպ, մերկ հողափորներին գիտության համար ավելի առեղծվածային ու հետաքրքիր է դարձնում, կարծում է Մարթա Դելանին: Նա բացատրում է, որ քաղցկեղը բազմաթիվ հարյուրներից ընդամենը երկու կենդանու մոտ է հայտնաբերվել, իսկ դա վկայում է, որ աֆրիկացի կրծողներն այնուամենայնիվ հատուկ մեխանիզմ ունեն, որը նրանց պաշտպանում է ուռուցքային հիվանդություններից:
Ավելի վաղ հետազոտողներին հաջողվել էր ցույց տալ, որ մեր հողափորների օրգանիզմն ի վիճակի է արգելափակել թթվածնի հասանելիությունը ուռուցքային բջիջներին` դրանով իսկ արգելափակելով դրանց աճն ու ճնշելով քաղցկեղի զարգացումը: Բացի այդ, մերկ հողափորներն ի վիճակի են գիալուրոնան արտազատել: Կենդանիների մաշկի մակերեւույթից դրա հեռացումն ուռուցքների առաջացման է հանգեցրել:
Չնայած արդեն ստացված տվյալներին, հետազոտողներն առայժմ չեն կարող պատասխանել այն հարցին, թե մերկ հողափորներն ինչու գործնականում քաղցկեղով չեն հիվանդանում: Նրանք հույս ունեն, որ հիվանդացած կրծողների օրգանիզմների ուսումնասիրությունը նրանց կօգնի պատասխանել այդ հարցին: Հնարավոր է, ստացված տվյալները կօգնեն կատարելագործել նաեւ մարդկանց մոտ քաղցկեղի բուժումը:






